Ինծի համար միշտ երազանք եղած է աղյուս ավելցնել Հայրենիքի կառուցման գործին…

Այսօր հայ բարերար, ՀՀ ազգային հերոս Ալեք Մանուկյանի հիշատակի օրն է

ՀՀ ազգային հերոս, մեծանուն բարերար, հայ հասարակական գործիչ, ճարտարագետ և  արդյունաբերող Ալեք Մանուկյանը ծնվել է 1901 թ. հունիսի 28-ին։

Ալեք Մանուկյանը Իզմիրի շրջանի Քասապա գյուղաքաղաքից էր: Նրա հայրը` Թագվոր Մանուկյանը, հայ համայնքի առաջնորդն էր: Դեռևս դպոցական տարիներից Ալեքը աչքի էր ընկնում հայրենասիրությամբ և հայագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությամբ: Ալեք Մանուկյանի կյանքի առաջին տարիները համընկել են Հայոց ցեղասպանության շրջանի հետ, ուստի նա  հեռացել է հայրենիքից և հաստատվել օտարության մեջ:

Մանուկյանը 1920 թվականից ապրել է ԱՄՆ-ում ՝ Դետրոյթ քաղաքում։

Սկզբնական շրջանում Ալեք Մանուկյանը որպես բանվոր էր աշխատում տեղի գործարաններից մեկում, իսկ երեկոյան ժամերին մեծահասակների համար հայոց լեզվի դասընթացներ էր կազմակերպում:

Աշխատասիրության և աչքի ընկնող ընդունակությունների շնորհիվ Մանուկյանը 1929-ին սեփական ձեռնարկությունն է հիմնում՝ «Մասկոն», որը ավտոմասեր արտադրող ընկերություն էր։ Այն շուտով ծաղկում է ապրում՝ մեծ հայորդուն ապահովելով նկատելի շահույթով:

Հայապահպանության հարցերով մտահոգ Մանուկյանը 1930-ին անդամագրվում է Հայկական բարեգործական համընդհանուր միությանը (ՀԲԸՄ): Մանուկյանն անմնացորդ նվիրվում է օտար ափերում հայապահպանության խիստ պատասխանատու և ազգօգուտ գործին:

1953 թ. Մանուկյանն ընտրվում է ՀԲԸՄ նախագահ: Այդ ժամանակ արդեն գործարար-բարերարն ավելի է ընդլայնում իր գործունեության սահմանները, իսկ սեփական բիզնեսից գոյացած մեծածավալ շահույթները ներդնում է բարեգործության մեջ։ Մեծանուն հայն ասում էր. «Իմ երազս է Միության նյութական միջոցները բազմացնել. որպեսզի շատ մը կենսական պետքեր, որոնց մանրամասնության մեջ չեմ մտներ, բայց որոնց գլուխը կը գտնվի մեր մշակույթը, հայ գիրն ու գրականությունը, չանտեսվին այլևս»:

36 տարի ղեկավարելով Միությունը՝ Մանուկյանն այն դարձրեց  ԱՄՆ-ի ամենախոշոր և արդյունավետ գործող բարեգործական կազմակերպություններից մեկը՝ բազմապատկելով ինչպես Միության մասնաճյուղերի քանակը, այնպես էլ ֆինանսական միջոցները:

Մանուկյանի գործունեությունը մշտապես ուղղված է եղել սփյուռք-հայրենիք կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը։ 1968թ. 1 մլն դոլար կանոնադիր կապիտալով հիմնել է «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամը՝ նշանակալի գումարներ նվիրաբերելով  եկեղեցիներին, դպրոցներին, մշակութային միություններին, երիտասարդական կազմակերպություններին, ծերանոցներին, գրադարաններին: Հատկանշական է, որ Մանուկյանի տրամադրած դրամական միջոցները զգալիորեն նպաստել են  աշխարհի տարբեր համալսարաններում հայագիտական ամբիոնների հիմնադրմանն ու հայանպաստ նախագծերի և ծրագրերի կյանքի կոչմանը:

Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգեբարձուների Խորհրդի պատվո անդամ` հիմնադրամին է նվիրաբերել ավելի քան 500 հազ. դոլար, որի մի մասն ուղղվել է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու շինարարությանը, ինչպես նաև հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի:

Բարերարին բազմաթիվ պատվո շքանշաններով, մեդալներով ու կոչումներով են պատվել:

1994 թվականին Ալեք Մանուկյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Մանուկյանին արդարացիորեն տրվել է Հայաստանի Ազգային հերոսի բարձր կոչում: Պարգևատրվել է նաև  ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:

Երևանում, Գյումրիում, Մոնրեալում, Ստեփանակերտում փողոցներ են անվանակոչվել մեծ բարերարի անվամբ: Ստեփանակերտում տեղադրված է անվանի բարերարի արձանը:

Մեծանուն հայորդին   կյանքից հեռացել է 1996 թվականի հուլիսի 10-ին, Դետրոյթում։ 2007 թվականի հուլիսի 17-ին Ալեք Մանուկյանի և նրա կնոջ՝ Մարի Մանուկյանի աճյունները վերահուղարկավորվել են Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում՝ իրենց անունը կրող գանձատան բակում։