Կոչ ենք անում հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը և Կիպրոսի ժողովրդի իրավունքները․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտգործնախարարությունն արձագանքել է Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող հորատման աշխատանքներին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել իր մտահոգությունն այդ կապակցությամբ և հանդես եկել գրավոր հայտարարությամբ:

ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես գրված է․

«Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Թուրքիայի՝ Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ: Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:

Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) բոլոր գործողությունները, հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը և Կիպրոսի ժողովրդի իրավունքները` հետամուտ լինելու իրենց քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացմանն` առանց արտաքին ճնշման»: