Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի կամ ոչնչացման դեպքում 3 միլիոն դրամ տուգանքը գործադիրն առաջարկում է դարձնել 100 միլիոն

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Սերգեյ Բագրատյանի նախագահությամբ հուլիսի 10-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննության է առել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված՝ հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգումը վերապահել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթով խստացվում են ապօրինի անտառահատումների և որսագողությունների համար սահմանված պատժամիջոցները: ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի կամ ոչնչացման դեպքում, յուրաքանչյուր առանձնյակի համար՝ անկախ կենդանու տարիքից, ինչպես նաև կրիտիկական վիճակում գտնվող (CR) կատեգորիայի տեսակների համար գործող 3 միլիոն դրամ տուգանքը գործադիրն առաջարկում է դարձնել 100 միլիոն:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ գործադիրը ներկայացրել է տեխնիկական բնույթի առաջարկություններ:

Հանձնաժողովականները միաձայն դրական եզրակացություն են տվել նախագծերին: