«Ես դա չէի անի՝ հենց վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով». Պուտինը Վրաստանի դեմ պատժամիջոցների սահմանման առթիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ է արտահայտվել Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը: Այս մասին տեղեկացրել է ՌԻԱ Նովոստին։ «Ես դա չէի անի՝ հենց վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով»,-ասել է ՌԴ նախագահը։

Ավելի վաղ Վրաստանի դեմ պատժամիջոցների սահմանման նախաձեռնությամբ հանդես էր եկել ՌԴ խորհրդարանի ստորին պալատը՝ Պետդուման: Պատճառը «չդադարող հակառուսական սադրանքներն են»:

Նախագահը նաև մեկնաբանել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում իրեն վիրավորած հաղորդավար Գեորգի Գաբունիայի դեմ քրեական գործ հարուցելու հարցը:

«Մեծ պատիվ կլինի ինչ-որ քրեական գործեր հարուցելը, թող շարունակեն հեռարձակել»,- ասել է ՌԴ նախագահը:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրն սկսել է ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:

Վրաստանում մի քանի հարյուր մարդ եթերից հետո հավաքվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով աշխատանքից ազատել հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, որն ուղիղ եթերում հայհոյել ու վատ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության նախագահի հասցեին: Այս առնչությամբ քննադատությամբ են հանդես եկել և՛ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և Վրաստանի նախագահի նախկի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն, և՛ երկրի ԱԳՆ-ը՝ քննադատելով հաղորդավարի ելույթը և այն որակելով սադրանք: