ՀՀ-ն Եվրադատարանում կայացված վճիռների հիման վրա մոտ 1 մլն 360 հազ․ եվրո է հատուցել. փոխնախարար

Այս պահին Եվրադատարանում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված 111 գործով վճիռ կա: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցին:

«Այդ վճիռներից 107-ով Եվրոպական դատարանն առնվազն մեկ խախտում է արձանագրել, 4-ով որևէ խախտում չի արձանագրվել, չնչին թվով էլ վճիռներ կան, որոնց դեպքում բանակցությունների արդյունքում հաշտություններ են կնքվել»,- նշեց փոխնախարարը:

Նրա խոսքով, Հայաստանի Հանրապետությունը Եվրադատարանում կայացված վճիռների հիման վրա հատուցել է մոտավորապես 1 մլն 360 հազ․ եվրոյի չափով գումար. «Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունից պահանջվել է 21,5 մլն եվրոյի կարգի գումար, բայց կառավարության առարկությունների արդյունքում դրանց չափը նվազեցվել է և դարձել է 1 մլն 360 հազար՝ այս 111 գործի կոնտեքստում»: