Հայ մամուլի համահայկական համաժողովը քննարկել է սոցիալական ցանցերում առկա միտումները, տեղեկատվական անվտանգության հարցեր

Հայաստանի, Արցախի, Սփյուռքի տպագիր և էլեկտրոնային մամուլի շուրջ 100 ղեկավարներ, գլխավոր խմբագիրներ ու լրագրողներ մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կազմակերպած Հայ մամուլի համահայկական համաժողովին:

Ինչպես տեղեկացրել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, ներկաները հանգամանորեն քննարկել են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնական հարթության վրա ձևավորվող հայկական լրատվամիջոցների համագործակցության ուղիները, մամուլի առջև ծառացած մարտահրավերները, սոցիալական ցանցերում առկա միտումները, տեղեկատվական անվտանգության հարցեր:

Համաժողովը ընդգծել է այն, որ մամուլը միայն տեղեկություն փոխանցող միջոց չէ, այլ հստակորեն ունի դաստիարակչական առաքելություն: Ոլորտի մասնագետները նկատել են, որ տարբեր խնդիրներով պայմանավորված, այդ առաքելությանն ուղղված աշխատանքի ազդեցությունը թուլացել է:

Ներկաները կարևորել են բազմակարծության ու ազատ խոսքի իրավունքի դրսևորումը: Նրանք նշել են, որ կառուցողական քննադատությունն ու ինքնաքննադատությունը հաճախ պետք է երևան հայ մամուլի էջերում: Նշվել է, որ իշխանամետ և ընդդիմադիր լրատվամիջոցների բախումների երևույթից այն կողմ կնեսական նշանակություն ունի ժողովուրդ-մամուլ կենդանի ու հետևողական կապը:

Համաժողովը ընդգծել է համահայկական մակարդակով համախմբվելու նախաձեռնության շարունակականության ապահովումը։