ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ և Արցախի դեմ ձևակերպումները չեզոքացվեցին նաև մեր ջանքերով․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Այն, ինչ տեղի ունեցավ Լյուքսեմբուրգում, երբ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում չեզոքացվեցին Հայաստանի և Արցախի դեմ ձևակերպումները, որոնք իրականում քաղաքական լուրջ հետևանքներ կարող էին ունենալ, այս հարցում որոշակի, եթե անհամեստորեն չասենք, հստակ լումա ունի նաև Հանրապետական կուսակցությունը և անձամբ ես։

Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր ուղիղ եթերով ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ սա ասում է  առաջին անգամ։

«Որովհետև երբ հետևում էի լրահոսին, իմ այսօրվա գործընկերներին, բոլորը հիշում էին, որ աշխատել են պատվիրակությունը, Խորհրդարանի ողջ կազմը, ԱԳՆ-ը, դիվանագետները, շնորհակալություն էին հայտնում նրանց… Իհարկե, մենք այդ շնորհակալության համար չենք արել ու դրա հույսին չենք մնացել, բայց պարզապես ազնիվ ու արդար լինելու համար ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ գործող իշխանությունների խնդրանքով՝ անձամբ ես և իմ կուսակից ընկերները նույնպես լծվել էինք համապետական կարևորության այս խնդրի լուծմանը»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ իշխանությունների առաջարկությամբ՝ հանրապետականներն աշխատել են այս ուղղությամբ։

Վերջինս նշեց նաև, որ որոշ զարգացումների մասին իր այսօրվա խորհրդարանական շատ գործընկերներ տեղեկացվել են հենց իրենից, սակայն այլ մանրամասներ այժմ չի ասի, և հուսով է՝ դրա կարիքը չի էլ լինի։

«Պարզապես, հարգելի իշխանավոր պատգամավորներ, իշխանություններ, երբ որ ասում ենք, որ ձեզ հետ համագործակցելը այլևս պետք է լինի ձեր հրապարակային խնդրանքի դեպքում, հենց նման դեպքերի համար ենք ասում, որովհետև առնվազն ազնիվ չէ, երբ դուք պատասխանատու եք երկրի համար, և դուք նեղության մեջ եք, և որոշակի աջակցության կարիք ունեք, հենց ձեր գործերը լավանում են, տեղում մոռանաք բոլոր այն մարդկանց, ովքեր հսկայական աշխատանք են կատարել և լումա ունեն այդ ամենի մեջ»,- ասաց նախկին խորհրդարանականը։

Ա. Աշոտյանը կարծում է, որ այս իրավիճակից մի քանի կարևոր հետևություններ պետք է անեն մեր իշխանությունները։

Առաջինն այն է, որ մեր իշխանավորները մտածում են, որ, եթե արել են իշխանափոխություն, կամ, ինչպես իրենք են ասում, թավշյա հեղափոխություն, ապա վերջ. որևէ միջազգային ատյանում այլևս որևէ մեկը չի համարձակվի բերել հակահայկական բանաձև։ Եվ եթե այսօր էլ մեր իշխանություններն այդպես են մտածում, ուրեմն առնվազն իրենց տեղում չեն։

«Հեղափոխությունը ոչ միայն չի չեզոքացրել այդ վտանգները, այլև մեր հակառակորդների, թշնամիների համար որոշակի հնարավորությունների պատուհան է բացել, ցավոք սրտի, և այստեղ, իշխանություններ ջան, դուք շատ ավելի աչալուրջ պետք է լինեք»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Բացի դրանից, նա հատուկ ընդգծեց, որ մեր իշխանությունները պետք է իմանան, որ Ադրբեջանը երբեք չի փոխվելու։ Անկախ որևէ պայմանավորվածությունից, համաձայնագրից՝ նրանք երբեք չեն դադարեցնելու իրենց դեստրուկտիվ գործելաոճը, և ինչպես Լյուքսեմբուրգի օրինակը ցույց տվեց, եթե իշխանությունները մտածում էին, որ այդպես չի լինելու, չարաչար սխալվում էին։

Երրորդ կարևոր հանգամանքն այն է, որ պետք է իմանանք, որ իրենք բոլորը, ի դեմս մեր խորհրդարանական պատվիրակության, ընդամենը բանաձևերը բերել են Մադրիդյան սկզբունքների վրա խարսխված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության տրամաբանությանը, այսինքն՝ այդ բանաձևերում որևէ նոր բան գրված չէ։ Գրված է այն, ինչ գրվել է տարիներ շարունակ։

«Ինչո՞ւ է հանկարծ միջազգային որոշ գործընկերների մտքով անցել, որ կարելի է հրաժարվել Մինսկի խմբի համանախագահների բառապաշարից։ Որովհետև  Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններում կարգավորման սկզբունքներ, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքը, մատնանշված չէ։ Արտգործնախարարությանը և վարչապետին պարզապես հորդորում եմ, որ ջանքեր գործադրեն, որպեսզի Մինսկի խմբի համանախագահների գալիք հայտարարությունների մեջ ևս մեկ անգամ շեշտվեն կարգավորման սկզբունքները և, հատկապես ու մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքը, որը բացակայում էր վերջին տարվա հայտարարություններից»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ, երբ իշխանությունները ասում են, որ բանակցություններն իրենց կետից են սկսում, ապա թող հիշեն, որ իրենց նման կարգի մեծամիտ հայտարարությունները լսում ու կարդում է ոչ միայն միամիտ հայ ժողովուրդը, այլև միջազգային այն ինստիտուտները, որոնք իշխանությունների խոսքից ուզում են հասկանալ, թե նրանք ինչ են մտածում։

Արմեն Աշոտյանը վստահ է, որ քանի դեռ իշխանությունները կարգավորման նոր, ավելի լավ փաստաթուղթ չեն ստեղծել, հնից հրաժարվելը հանցագործություն է, և Լյուքսեմբուրգը ցույց տվեց, որ հակառակ գործելակերպը երկիրը կարող է գցել դիվանագիտական փոսի մեջ։

«Անցել է մեկ տարի, և մենք տեսնում ենք, որ նոր իշխանությունները որևէ դիվանագիտական հնարք, նոր, աշխատող տարբերակ չեն ստեղծել այս ուղղությամբ, հետևաբար՝ նորից ապավինում են և ճիշտ են անում, որ ապավինում են նախորդ իշխանությունների կողմից ստեղծած փաստաթղթին»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Վերջում Արմեն Աշոտյանը նոր իշխանություններին հորդորեց չբարձրացնել իրենցից սպասելիքները միջազգային հանրության մոտ։

«Օրինակ, երբ ձեր հիմնավորումների մեջ դուք խոսում եք այն մասին, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եվրոպառլամենտը և այլ միջազգային գործընկերներ բարձր էին գնահատում Փաշինյան-Ալիև և արտգործնախարարների մակարդակներով հանդիպումները, մի արեք այդպես…Դա կռվան չէ։ Որովհետև այդ հանդիպումները կարող են, և մեծ է հավանականությունը, որ որևէ լավ բանով չեն ավարտվելու, բայց ձեր աճեցրած սպասելիքների տակից դուք և մենք բոլորս դուրս չենք գալու»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը։

Աննախադեպ եթեր դիվանագիտական «աննախադեպ» հաջողությունների մասին։ Որոշ բաց փակագծեր:«Անցած շաբաթվա վերջին հայաստանյան քարոզչական դաշտը ողողվեց վերնագրերով, որոնք վերաբերում էին աննախադեպ որակվող քաղաքական հաջողություններին խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում Լյուքսեմբուրգում տեղի ունեցող ԵԱՀԿ ԽՎ նիստի իրադարձություններին, հայկական պատվիրակության ակտիվությանը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արմեն Աշոտյանը:Աշոտյանն ուրախ է, որ կատարված աշխատանքն իր արդյունքները տվել է, հայկական պատվիրակությունը կարողացել է խնդիրներ հարթել Լյուքսեմբուրգում. «Դեռ վերջնական որոշումը չկա Վեհաժողովի կողմից, բայց ըստ պատվիրակության, կարող ենք ասել, որ հիմնական վտանգնեը չեզոքացված են:Սակայն, երբ իշխանությունների քարոզչամեքենան աշխատում է աննախադեպ, առնվազն ազնիվ քայլ չի արվում հասարակության և քաղաքական կենսափորձ ու աշխատանք կատարած մարդկանց նկատմամբ: Իրականում Լյուքսեմբուրգում հայկական պատվիրակության, Հայաստանի միացայալ ջանքերով չեզոքացվել են վտանգները, որոնք կարող էին և չլինել: Շատ ավելի ուժեղ բանաձևեր ընդունվել են խորհրդարանական դիվանագիտության պատմության մեջ մինչ իշխանափոխությունը: Այն ժամանակ որևէ մեկի մտքով չէր անցնում այդ ամեն ինչը փաթեթավորել ճռճռան թղթերի մեջ և մատուցել որպես աննախադեպ հաջողություն: Որևէ աննախադեպ բան տեղի չի ունեցել:Այս ֆոնի վրա բարոյական չէ որոշ գործող խորհրդարանականների կողմից, որ իրենք հերոսական պայքարել են նախորդ իշխանությունների կողմից բացթողումներով կատարված աշխատանքների արդյունքում ձևավորված խնդիրների դեմ: Սա ազնիվ չէ: Նորից կրկնում եմ՝ նախորդ խորհրդարանն այս խորհրդարանին թողել է աննախադեպ ձեռքբերումներ, մեծ կատարված աշխատանք և շարունակելու հնարավորություն:Հարգելի նոր իշխանություններ, մի փնտրեք ձեր անհաջողությունները նախորդների կատարած աշխատանքում, մանավանդ, որ մասնավորապես այս դեպքով առնվազն ստում եք: Եթե ինձ չենք հավատում, հարցրեք Արարատ Միրզոյանին, ով 2017 թվականից եղել է ԵԱՀԿ խորհրդանական պատվիրակության կազմում: Երբ քննադատում ենք նախորդների աշխատանքը, հիշեք, որ այնտեղ մարդ ունեիք՝ Արարատ Միրզոյանը: Ես իհարկե չեմ հիշում, որ Միրզոյանը ելույթ ունեցած լինի ԽՎ-ի շրջանակներում, բայց վստահ եմ, որ նրա բարոյականությունը կների հերքելու իր թեմակիցների կողմցի տարածվող հերհյուրանքները»,-ասաց Աշոտյանը:Աշոտյանը նաև հայտնեց, որ Լյուքսեմբուրգում վտանգի չեզոքացման հարցում լումա ունի նաև ՀՀԿ-ն ու անձամբ ինքը. «Սա ասում եմ առաջին անգամ: Երբ հետևում էի լրահոսին, բոլորը հիշում էին պատվիրակության, ԱԳՆ-ի, դիվանագետների աշխատանքի մասին, շնոհարակոլություն էին հայտնում: Իհարկե մենք այդ շնորհակալությունների հույսին չենք մնացել, բայց ազնիվ ու արդար գտնվելու համար և գաղտնիքներ չունենալու նպատակով, ուզում եմ տեղեկացնել, որ գործող իշխանությունների խնդրանքով նաև անձամբ ես և կուսակից ընկերներս լծվել էինք համապետական, համազգային կարևորության այս խնդրի լուծման ջանքերին: Կարծում եմ, որ պարտավոր եմ սա ասել, գործող իշխանությունների առաջարկությամբ ՀՀԿ-ն մասնակցել է աշխատաքներին ու զգալի աշխատանք կատարել: Ասեմ, որ որոշ զարգացումների մասին մեր խորհրդարանական գործընկերները տեղեկանում էին հենց ինձանից: Ավել փակագծեր չեմ բացի, հուսով եմ դրա կարիքը չի լինի:Պարզապես, հարգելի իշխանության գործընկերներ, երբ ասում ենք, որ ձեզ հետ աշխատելու առաջարկությունը պետք է լինի հրապարակային խնդրանք, հենց նման դեպքերի համար էինք ասում, քանի որ առնվազն ազնիվ չէ, երբ դուք աջակցության կարիք ունեք, դիմում եք, իսկ երբ գործերը լավանում են, տեղում մոռանում եք նրանց, ովքեր հստակ աշխատանք են կատարել և լումա ունեն»:

Опубликовано Armen Ashotyan Понедельник, 8 июля 2019 г.