Ներողությունը բավարար չէ իրավիճակը հարթելու համար․ Նինո Բուրջանաձե

Վրաստանի նախագահի նախկին պաշտոնակատար Նինո  Բուրջանաձեն հայտարարել է, որ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ներողությունը բավարար չէ իրավիճակը հարթելու համար։ Այս մասին տեղեկացրել է RT-ը։

Բուրջանաձեի խոսքով՝ նախօրեին վրացական հեռուստաընկերության ուղիղ եթերում հնչած արտահայտությունները «խայտառակություն են Վրաստանի համար» և խախտում են քաղաքական, լրագրողական ու էթիկական բոլոր նորմերը՝ անցնելով բոլոր սահմանները:

«Դա ոչ թե անքաղաքավարություն էր, այլ ծրագրավորված սադրանք, որպեսզի վերջնական պառակտում մտցվի ռուս-վրացական հարաբերություններում»,- շեշտել է Բուրջանաձեն:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ տեղի ունեցածը համաձայնեցված է եղել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հետ՝ նկատելով, վրացի ժողովուրդը ցնցված է, քանի որ տեղի ունեցածն ընկալել է որպես նաև իրեն ուղղված վիրավորանք:

Նշենք, որ նախօրեին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ուղիղ եթերում Գեորգի Գաբունիան իր հեղինակային հաղորդման ժամանակ հայհոյախոսել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, օգտագործելով վիրավորական ու անպարկեշտ արտահայտություններ։ ՌԴ արգործնախարարությունն անընդունելի էր որակել լրագրողի խոսքերը, Մարիա Զախարովան անվանել էր «Վրաստանի դժբախտություն»։