Քննարկվել են զույգ հայկական պետությունների գործադիր մարմինների միջև առկա փոխգործակցությունն ընդլայնելու և խորացնելու հեռանկարները
Հուլիսի 6-ին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությանը:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ԱՀ կառավարության անդամները, քննարկվել են զույգ հայկական պետությունների գործադիր մարմինների միջև առկա փոխգործակցությունն ընդլայնելու և խորացնելու հեռանկարները:
Հանդիպմանը ներկա ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, արդարադատության, գյուղատնտեսության և քաղաքաշինության նախարարները մանրամասն ներկայացրել են միասնական դաշտում գործող ծրագրերի որակն աստիճանաբար բարձրացնելու և մի շարք ուղղություններում փոխգործակցության նոր՝ մասնավորապես, հանրությանը էլեկտրոնային ծառայությունների մատուցման, հակակարկտային կայանների, գյուղատնտեսական հաշվառման, համայնքների գլխավոր հատակագծերի, Մարտակերտ-Սոթք ավտոճանապարհի սպասարկմանն ու այլ հարցերի շուրջ առաջարկներ:
«Նշված ոլորտներում համագործակցության բարձր մակարդակի պահպանումն ու նախանշված նոր ուղղություններում համատեղ աշխատանքը կարճ ժամանակահատվածում կարող են տպավորիչ արդյունքներ գրանցել»,- իր խոսքում նշել է պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահություն է հայտնել, որ համագործակցության նոր առաջարկներն ու առկա դրական դինամիկան ապահովելու անհրաժեշտությունը բխում են հայկական երկու պետությունների տնտեսական շահերից:
ԱՀ պետական նախարարն ու ՀՀ փոխվարչապետը երկուստեք կարևորել են նման ձևաչափով հանդիպումները՝ համատեղ ծրագրերի արդյունավետության բարձրացման և ոլորտային նոր աշխատանքների համադրման տեսանկյունից:
Այնուհետև ԱՀ և ՀՀ կառավարության անդամները այցելել են Ստեփանակերտում տեղակայված մի շարք արտադրամասեր, գնահատել թեթև արդյունաբերության զարգացման ներկա միտումներն ու հեռանկարները:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության Արցախ կատարած աշխատանքային հագեցած օրակարգը կավարտվի Շուշիում: Հյուրերը կծանոթանան «Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարան»-ի հնարավորություններին ու բերդաքաղաքի զբոսաշրջային ներուժին: