Այլընտրանքային քաղաքական ուժերի ստեղծման գործընթացն սկսված է․ Վիգեն Հակոբյան

Ներկայիս քաղաքական իրավիճակը հաշվի առնելով, իշխանությանը հակակշռող նոր ուժի կամ ուժերի ստեղծման մասին քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ասաց. «Անկախ քաղաքական իրավիճակից՝ քաղաքական դիալեկտիկան կանգ չի առնում։ Պարզ է, որ այլընտրանքային ուժեր են ստեղծվելու, որոնք ընդդիմություն են լինելու, քանզի դա է քաղաքականության իմաստը, եթե կա իշխանություն, ձևավորվում է նաև օրվա ընդդիմությունը: Այլընտրանքային ուժերը թեպետ առանձնապես չեն երևում, սակայն արդեն իսկ ձևավորվում են, որովհետև նոր քաղաքական ուժեր են հայտ ներկայացնում, չի բացառվում, որ որոշակի տրանսֆորմացիա լինի հների և նորերի միջև: Այլընտրանքային քաղաքական ուժերի ստեղծման գործընթացը սկսված է»:

Քաղտեխնոլոգը կարծում է, որ այլընտրանքային ուժերի առաջխաղացման գործընթացը պայմանավորված է իշխանությունների գործելաոճով, այսինքն, որքան հասարակության ներսում աճի հիասթափությունը իշխանության քաղաքականության հանդեպ, այնքան արագ կձևավորվի այլընտրանքի՝ նոր ընդդիմության պահանջարկը։

Ըստ Հակոբյանի, քաղաքականության մեջ ևս գործում է շուկայական օրենքը, եթե կա պահանջարկ, ձևավորվում է առաջարկ․ «Եթե ձևավորվի այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա հանրությանը մոբիլիզացնել, նրա կարծիքն արտահայտել, ապա կարող է անգամ վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացնել, իսկ դրա համար հզոր հանրային աջակցություն է պետք»,- հավելեց մասնագետը:

Մեր զրուցակիցը նկատեց, որ ժողովրդի շրջանում էյֆորիկ տրամադրություններն արդեն անցել են, դա պարզորոշ երևում է այն ժամանակ, երբ իշխանությունների նախաձեռնած ակցիաներն այլևս լայն զանգվածների աջակցությանը չեն արժանանում։ Օրինակ, դրա ականատեսը եղանք այն ժամանակ, երբ վարչապետ Փաշինյանը կոչ արեց ժողովրդին արգելափակել դատարանների մուտքերը, բայց նրա կոչին արձագանքեց ընդամենը 1100 մարդ: «Դա նշանակում է՝ այլևս էյֆորիա չկա, կա բնականոն քաղաքական իրավիճակ, երբ կա իշխանություն, որից ոչ բոլորն են գոհ և կա հանրային զանգված, որը դեռևս գոհ է գործող իշխանությունից»:

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է քաղաքական թեժ աշուն՝ ժողովրդական հուզումների տեսքով, Վիգեն Հակոբյանն ասաց. «Դեռևս չկա այնպիսի ընդդիմադիր կամ այլընտրանքային ուժ, որը կարող է դժգոհ ընտրազանգվածին առաջնորդել: Իսկ թեժ քաղաքական աշնան սպասումը գրեթե բացառում եմ, քանզի չկա առաջնորդող ուժ, իսկ դժգոհությունները լոկալ բնույթ են կրում»:

Լուսինե Այրապետյան