ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների ու ԵՄ-ի հարցերի հանձնաժողովի համատեղ նիստը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ հուլիսի 2-4-ը գտնվում է Վարշավայում՝ Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ հարցերով հանձնաժողովի հետ համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար: Այս մասին տեղեկացրել է ԱԺ լրատվական ծառայությունը։

ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են նաև «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորներ Սոս Ավետիսյանը և Անուշ Բեղլոյանը, «Բարգավաճ Հայաստանից»` Արման Աբովյանը, «Լուսավոր Հայաստանից»` Արման Բաբաջանյանը:

Համատեղ նիստի ընթացքում հայ և լեհ պատգամավորները հանդես են եկել զեկույցներով՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության և Հարավային Կովկասում համագործակցության ու կայունության հարցերի, ինչպես նաև հայ-լեհական երկկողմ հարաբերությունների վերաբերյալ:

Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հայ-լեհական երկկողմ հարաբերություններին՝ կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը: Այս համատեքստում կողմերը համոզմունք են հայտնել, որ ոլորտային համապատասխան երկու հանձնաժողովների միջև համագործակցությունը, օրենսդրական գործունեության հետ կապված փորձի փոխանակումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ քննարկումների անցկացումը կնպաստեն Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության խորհրդարանների միջև երկկողմ կապերի խթանմանը: Նշվել է, որ համատեղ լսումների կազմակերպումը, փոխադարձ այցերը, միջազգային հարթակներում ակտիվ փոխգործակցությունը ևս իրենց նպաստը կբերեն վերոնշյալ նպատակների իրականացմանը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործակցության օրակարգին՝ հանձնաժողովի նախագահն իր գոհունակությունն է հայտնել Լեհաստանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման առնչությամբ և հույս հայտնել, որ ԵՄ մյուս երկրների ազգային խորհրդարանները ևս Համաձայնագիրը հնարավորինս արագ կվավերացնեն:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հրամայականը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ հաջորդ համատեղ նիստը նախատեսելով անցկացնել 2020 թվականին՝ Երևանում: