Թե ինչպես է թուրք ուսուցիչը Տարոն Աճեմօղլուի անունը փոխել

Հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի անունը տնտեսագիտական աշխարհում թերևս 10 ամենա շրջանառվող և մեջբերվողներից է։ Ուսանողական տարիներին նրա հետ կատարված մի դեպքի մասին է պատմել Աճեմօղլուի թուրք ընկերը, ինչը քննարկումների առիթ է դարձել Թուրքիայում:

«Ermenihaber.am»-ի տեղեկացմամբ, Աճեմօղլուի ուսանողական ընկերը`Սարուհան Դողանը, թուրքական «Mekteb-i Sultani» հեռուստածրագրի ժամանակ պատմել է, թե ինչպես է իրենց ուսուցիչը Տարոնի հանդեպ խտրական վերաբերմունք դրսևորել: Այդ միջադեպի հետ կապված Սարուհան Դողանն պատմել է. «1980թ. սեպտեմբերից հետո (այդ օրը Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում․-խմբ․) կրթական հաստատություններում ֆաշիզմի քամին էր տարածվում: Մեր ուսուցիչներից ոմանք այդ հոսանքի տակ ընկան: Նրանք առաջնորդվում էին «պահպանողական մշակույթ ներդնենք, մեր երիտասարդությունը հանկարծ կոմունիստ չդառնա» գաղափարներով: Մեր պատմության ուսուցիչը դասի ժամանակ ոտքի է կանգնեցնում մեր ընկերներից մեկին (Տարոն Աճեմօղլուին) և հարցնում նրա անունը, թեև շատ լավ գիտեր: Մեր ընկերը պատասխանում է` Տարոն: Ուսուցիչը հակադարձում է. «Թուրքը այդպիսի անուն չունի, սրանից հետո քո անունը Սուլեյման է»,-ապա տեղը նստեցնում»:

Դողանը պատմել է, որ տարիներ անց Աճեմօղլուն ընկերներին ասել է․ «Այդ օրը սպասում էի, որ ձեզնից մեկը վեր կկենար և մի բան կասեր, սակայն ոչ մեկդ վեր չկացավ»: