«Իմ քայլը» դաշինքի պատգամավորները ներկայացված են ԵԽԽՎ քաղաքական խմբերում

Ամփոփվել են ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Ռուբեն Ռուբինյանի ղեկավարությամբ, հունիսի 24-28-ը մասնակցել է Ստրասբուրգում կայացած Վեհաժողովի ամառային նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին:  ՀՀ ԱԺ լրատվական ծառայության տեղեկացմամբ, հուլիսի 1-ին հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ ԱԺ պատվիրակության՝ «Իմ քայլը» խմբակցության  անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանը, Հովհաննես Իգիթյանը, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել են կատարված աշխատանքներին:

Տաթևիկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն արդեն ներկայացված են ԵԽԽՎ քաղաքական խմբերում: Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Տաթևիկ Հայրապետյանը ներկայացված են՝ ԵԺԿ, Սոս Ավետիսյանը՝ Սոցիալիստների, դեմոկրատների և կանաչների, իսկ Հովհաննես Իգիթյանը՝ Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինք քաղաքական խմբերում:

Սոս Ավետիսյանի խոսքով՝ տարբեր քաղաքական խմբերում ներկայացված լինելը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել ՀՀ վարած քաղաքականության լոբբինգը:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները հանդես են եկել մի շարք բանաձևերի նախագծերի նախաձեռնությամբ:

Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ Հայաստանի պատվիրակությունն այսուհետ  հանդես է գալու համաեվրոպական օրակարգով, իսկ Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի հստակ պատասխան է տրվելու:

Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է չճանաչված պետություններում բնակչության կրթական իրավունքի հարցը: Նրա խոսքով՝ 1960թ. ստորագրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կոնվենցիայի համաձայն, որը վավերացրել են թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, պետության չճանաչված լինելը պատճառ չէ, որ ոտնահարվեն այդ տարածքում ապրող բնակիչների կրթական իրավունքները: ԵԽ-ում նախատեսվում է ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ, որը զբաղվելու է այդ հարցերով՝ ի պաշտպանություն նաև Արցախի Հանրապետության ուսանողների:

Հովհաննես Իգիթյանը նշել է, որ անդրադարձել են Սիրիայի քաղաքական իրավիճակին, փախստականներին վերաբերող հարցերին, հայ համայնքի խնդիրներին:

Պատվիրակության անդամները ներկայացրել են նաև մանրամասներ ԵԽԽՎ-ում  Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցի քննարկումից: