Ֆիլադելֆիայի հայ ուխտավորներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հունիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆիլադելֆիա քաղաքից ուխտավորաբար հայրենիք ժամանած հայորդիներին՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Ֆիլադելֆիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Հակոբ քահանա Գևորգյանի: Այս մասին տեղեկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը։

Ողջույնի իր խոսքում Հակոբ քահանան տեղեկացրել է, որ ուխտավորների մի մասն առաջին անգամ է Հայաստանում` ուրախություն հայտնելով սակայն, որ կան մարդիկ, որ երկրորդ, երրորդ անգամ են մասնակցում դեպի հայրենիք ուխտագնացությանը:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հայրական իր օրհնությունը բերելով ամերիկաբնակ հայորդիներին, ողջունել է սփյուռքի տարբեր համայնքներից ուխտագնացությունների կազմակերպումը՝ ընդգծելով, որ նմանատիպ այցելությունները հայրենիքը տեսնելու և ուխտը նորոգելու լավագույն առիթ են դառնում: Այդ հարցում Նորին Սրբությունը կարևոր է նկատել Հայաստանում հասակ առած հոգևոր սպասավորի առաքելությունը սփյուռքում, որի ծառայության շնորհիվ օտարության մեջ ապրող հայը շարունակում է սնվել ազգային-հոգևոր արժեքներով:

Գարեգին Բ Հայրապետը գոհունակություն է հայտնել, որ սփյուռքի հեռավոր անկյուններում ապրող իր զավակներն իրենց հայացքներն ուղղել են դեպի հայրենիք՝ պատգամելով նրանց շարունակել զորացնել համայնքի ազգային կյանքը և հայրենանվեր ծառայությունը՝ Եկեղեցու ու մշակույթի միջոցով պահպանելով ազգային ինքնությունը:

Նորին Սրբությունը նաև պատասխանել է ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին հոգևորականների պատրաստությանը, հայրենական կյանքին, Հայաստանին և Սուրբ Էջմիածնին իրենց ծառայությամբ օգտակար լինելու ուղիներին:

Վերջում Նորին Սրբությունն իր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն է փոխանցել ուխտավորներին և Ֆիլադելֆիայի հայ համայնքին`առանձնակի կերպով գնահատելով նրանց ազգային ոգին ու հավատարմությունը Մայր Եկեղեցու հանդեպ: