Արցախցիները բախվում են մարդու իրավունքների խախտումների և ադրբեջանական հետապնդումների՝ Արցախի միջազգայնորեն չճանաչված լինելու պատճառով

Արտակ Բեգլարյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Հայ իրավաբանների միության տարեկան համաժողովում

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունիսի 29-ին Լոս Անջելեսում մասնակցել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության 30-րդ տարեկան համաժողովին՝ ելույթ ունենալով «Արցախի բնակիչների իրավունքների խախտումների և սահմանափակությունների արտաքին պատճառները» թեմայով:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկացմամբ՝  Ա. Բեգլարյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հիմնական գործառույթներն ու աշխատանքի ուղղությունները: Նա ընդգծել է, որ բացի ներքին խնդիրներից, Արցախի բնակիչները հաճախակիորեն բախվում են մարդու իրավունքների խախտումների և սահմանափակությունների՝ ադրբեջանական հետապնդումների և Արցախի միջազգայնորեն չճանաչված լինելու պատճառով:

Պաշտպանը, մասնավորապես, անդրադարձել է ազատ տեղաշարժի, հաղորդակցության, տնտեսական զարգացման և մի շարք այլ իրավունքների խախտման օրինակներին՝ ներառյալ օդանավակայանի, ջրային պաշարների համատեղ կառավարման, քաղաքացիական ակտերի և դիպլոմների ճանաչելիության, ներդրողների հանդեպ իրականացվող հետապնդումների հարցերը: Նա ընդգծել է, որ նմանատիպ խնդիրները հանգեցնում են արցախցիների իրավունքների համակարգային խախտումների, որոնց վերացման ուղղությամբ միջազգային հանրությունը պարտավորություն ունի կատարելու:

Ա. Բեգլարյանը կարևորել է մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի պատշաճ կիրառումը հատկապես չճանաչված պետությունների բնակիչների նկատմամբ, քանի որ նրանք զգալիորեն խոցելի են առկա մարտահրավերների առջև:

Հիշեցնենք, որ Կալիֆորնիա աշխատանքային այցը կազմակերպվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ միասին՝ ԱՄՆ Հայ իրավաբանների միության նախաձեռնությամբ: