ԱԱԾ տնօրենն առանձին ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ խիստ գնահատականներ է տվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: ԱԱԾ լրատվական ծառայության տեղեկացմամբ, նիստին ներկա էին ԱԱԾ տնօրենի տեղակալները, կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, սահմանային անվտանգության ապահովման բարձրացման, հնարավոր դիվերսիոն ներթափանցումների նախականխման ու խափանման, ներքին անվտանգությանը, ՀՀ սահմանադրական կարգի պահպանմանը ու դրա սպառնալիքների չեզոքացմանը վերաբերող և հարակից այլ հարցեր:

Ամփոփելով նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումների, ելույթների ու քննարկումների արդյունքները՝ ԱԱԾ տնօրենն առանձին ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ տվել է խիստ գնահատականներ, իսկ որոշ ուղղություններով դրանց արդյունքները գնահատել ոչ բավարար՝ ընդգծելով դրանց կատարելագործման և առավել բարձր նշաձող սահմանելու անհրաժեշտությունը:

Ա. Վանեցյանը կենտրոնական մարմնի և տարածքային առանձին ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ են տվել օպերատիվ իրավիճակի և միջազգային զարգացումների պարբերաբար վերլուծության, ծառայությունում նորագույն տեխնոլոգիաների ու մեթոդների ներդրման, այլ պետական մարմինների ու գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալու ուղղությամբ: