Հարգանք մարդու հանդեպ: Հարգանք մարդու հանդեպ… Ահա՛ փորձաքարը․ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Այսօր՝ հունիսի 29-ին ծնվել է Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, ֆրանսիացի գրող, բանաստեղծ և պրոֆեսիոնալ օդաչու։

Նամակ պատանդին (հատվածներ)

Հարգանք մարդու հանդեպ: Հարգանք մարդու հանդեպ…Ահա՛ փորձաքարը:

Այսօր մարդու հանդեպ ունեցած հարգանքը վտանգված է, առանց որի մենք չենք կարող առաջընթաց ունենալ: Աշխարհը ցնցող աղետները մեզ մղում են դեպի խավար: Մեր առջև բարդ խնդիրներ են, դրանց լուծումներն էլ հակասական են: Երեկվա ճշմարտությունը մեռած է, վաղվա օրվա ճշմարտությունը դեռ պետք է ստեղծել: Միակ որոշումը, որն ընդունելի է բոլորի համար, առայժմ տեսանելի չէ. մեզնից յուրաքանչյուրի ձեռքում ընդամենը ճշմարտության փոքր մասն է միայն: Նրանք, ում քաղաքական համոզմունքների արդարացիությունն ակնառու չէ բոլորին` հաստատվելու համար դիմում են բռնության: Այսպես տարբերվելով ընտրության միջոցներով՝ մենք համարձակություն ենք ունենում մոռանալ, որ  ձգտում ենք միևնույն նպատակին:

Եթե ճանապարհորդը, ով լեռ է բարձրանում, չափից դուրս է կենտրոնանում իր ամեն մի քայլի վրա` մոռանալով ուղեցույց աստղին հետևել, նա կանգնում է ճանապարհը կորցնելու և մոլորվելու վտանգի առաջ: Եթե նա հենց այնպես է փոխում ոտքերը, որպեսզի նույն տեղում չմնա, նա ոչ մի տեղ էլ չի հասնի: Տաճարի սպասավորները, ովքեր չափազանց մտահոգվում են աթոռների համար վճարներ գանձելով, համարձակվում են մոռանալ, որ իրենք ծառայում են աստծուն: Այդպես էլ ես, տարվելով քաղաքական տարաձայնություններով, համարձակվում եմ մոռանալ, որ քաղաքականությունը միայն այն ժամանակ է իմաստ ունենում, երբ օգնում է բացահայտելու մարդու հոգևոր էությունը: Մեզ համար երջանիկ են այն ժամերը, երբ մենք ճաշակում ենք ճշմարիտ մարդկային հարաբերությունների հրաշքը. հենց այստեղ է մեր ճշմարտությունը:

Որքան էլ կենսականորեն անհրաժեշտ թվան մեր գործողությունները, մենք իրավունք չունենք մոռանալու` հանուն ինչի ենք գործում, հակառակ դեպքում մեր գործադրած ջանքերը կմնան անպտուղ: Մենք պետք է ուզենանք հաստատել մեր ունեցած հարգանքը մարդու նկատմամբ: Մենք մի ճամբարում ենք,  մեր ինչի՞ն է պետք ատել միմյանց: Մեզանից և ոչ մեկը իրավունք չունի միայն իրեն վերագրել մտքերի մաքրություն: Հանուն ճանապարհի, որը ես եմ ընտրել, ես կարող եմ մերժել ուրիշների կողմից ընտրված ուղին: Ես կարող եմ վիճարկել նրա մտքերի շարժը: Մտքերի ընթացքը միշտ չէ, որ ճիշտ է լինում: Բայց եթե մարդը ձգտում է նույն աստղին, իմ պարտքն է հարգել նրան, քանզի մենք եղբայրներ ենք Հոգով:

Ես այնպե՜ս հոգնել եմ լեզվակռիվներից, անհանդուրժողականությունից, մոլեռանդության դրսևորումներից: Ես քեզ մոտ ուզում եմ գալ առանց հատուկ համազգեստների, չենթարկվելով, ինչպիսին էլ որ լինեն դրանք, Ղուրանի պատվիրաններին, առանց դույզն-ինչ հրաժարվելու իմ ներքին հայրենիքից: Քո առաջ ես կարիք չունեմ արդարանալու, պաշտպանվելու, ինչ-որ բան ապացուցելու, քեզ հետ մենք հոգևոր կապի  մեջ ենք: Իմ արտաբերած չհղկված բառերի, բերած փաստարկների մեջ, որոնց մեջ ինքս էլ եմ խճճվում-մնում, դու ուղղակի տեսնում ես Մարդուն: Դու իմ մեջ պատվում ես այն սովորությունների և նախապատվությունների պատգամաբերին, ում համոզմունքները, շատ հնարավոր է, որ չես էլ կիսում: Եվ եթե որևէ բանով նման չեմ քեզ, ապա ես դրանով բոլորովին էլ չեմ վիրավորում քեզ, այլ ընդհակառակը` նվիրում եմ. դու ինձ կհարցնես ինչպես ճանապարհորդի: