ԵԱՀԿ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձերբակալվածների փոխանակումը

ԵԱՀԿ-ի նախագահ Միրոսլավ Լայչակը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձերբակալվածների փոխանակումը:

Այս մասին տեղեկացել ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից:

Այդ հարցը Լայչակը քննարկել է ղարաբաղյան հակամարտության հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ:

«Համանախագահները տեղեկացրել են հումանիտար հարցերում առաջընթացի մասին՝ ներառյալ ձերբակալվածների փոխանակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև: ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է այդ հումանիտար քայլը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Լայչակի խոսքով՝ այդ քայլը ցույց է տալիս, թե «ինչպես երկխոսությունը կարող է հանգեցնել դրական արդյունքների մարդկանց համար, որոնք տուժել են հակամարտությունից»: Նա նաև աջակցություն է հայտնել Մինսկի գործընթացին և համանախագահների աշխատանքին, ինչպես նաև լարվածությունը նվազեցնելու և խաղաղության ու բանակցությունների գործընթացքում առաջընթացին նպաստող մթնոլորտ ստեղծելուն ուղղված ջանքերին:

Միջնորդները տեղեկացրել են ԵԱՀԿ գործող նախագահին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների մասին, որը տեղի էր ունեցել ապրիլի 15-ին Մոսկվայում և հունիսի 20-ին Վաշինգտոնում, ասվում է հաղորդագրության մեջ: