«Հայաստանի իշխող կուսակցությունը դեմ քվեարկեց Ռուսաստանի վերադարձին ԵԽԽՎ»․ ռուսական ԶԼՄ

Զարմանալի ժամանակներ են եկել: Եվրոպան խնդրում է Ռուսաստանին վերադառնալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), իսկ Ռուսաստանը կանգնում և թքում է ԵԽԽՎ-ի վրա: Դե, դա Ռուսաստանն է, կասեն շատ շատերը։ Այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին: Դա, ըստ հին հունական ասացվածքի, իհարկե: Մոսկվան Արևմուտքի առջև մի շարք պայմաններ է դրել: Եվ Արևմուտքը ստիպված է ընդունել այդ պայմանները. ռուսական պատվիրակության բացակայությամբ ընդունված ԵԽԽՎ-ի որևէ որոշում չի կատարվելու:

Եվրոպան, Արևմուտքն ու Ռուսաստանը վաղ, թե ուշ կհասկանան միմյանց: Եկեք տեսնենք, թե ինչպես է իրեն դրսևորել հայկական պատվիրակությունը Ռուսաստանի հարցով քվեարկության ժամանակ:

ԵԽԽՎ-ն, ի վերջո, հրավիրեց ռուսաստանյան պատվիրակությանը մասնակցելու հունիսյան նստաշրջանին, սակայն նրա լիազորությունները վիճարկելու հնարավորությունը մնում է: Համապատասխան բանաձևը Վեհաժողովն ընդունեց հունիսի լույս 25-ի գիշերը: Դահլիճում ներկա 190 պատգամավորներից 118-ը կողմ քվեարկեցին բանաձևին, 62-ը դեմ էին, 10-ը՝ ձեռնպահ: Անմիջապես ի հայտ եկան «ամենաաբիժնիկները»․ Ուկրաինան արդեն հետ է կանչել Եվրախորհրդում իր դեսպանին: Հասկանալի է. Կիևը դժվար է ընդունում այն փաստը, որ Ուկրաինան պետք չէ Եվրոպային և Արևմուտքին։

Հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկել բանաձևին: Հայաստանի իշխող կուսակցությունից Հովհաննես Իգիթյանը չի մասնակցել քվեարկությանը: Բանաձևին աջակցել են «համեմատաբար ընդդիմադիր» Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան») և Էդմոն Մարուքյանը («Լուսավոր Հայաստան»):

Բանաձևի ընդունումից հետո ՌԴ պատվիրակությունը փոխեց իր զայրույթը ողորմության և ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանին մասնակցելու հայտ ներկայացրեց: Բոլոր մյուս հարցերը, այդ թվում ԵԽԽՎ-ին Ռուսաստանի անդամակցության անդամավճարների հարցը, Մոսկվան թողնում է «հետո»-ին: Եվ հասկանալի է, թե ինչու. հայտնաբերվելու են բոլոր նրանք, ովքեր մեղավոր են Ռուսաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի նախկինում ընդունված ոչ ադեկվատ որոշումների համար։ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ բանավեճերի ժամանակ «ԵԽԽՎ-ի «օրտոդոքսալ հատվածն» ամեն ինչ արեց բանաձևի ընդունմանը խոչընդոտելու համար, սակայն «խելամիտ մեծամասնությունը» պաշտպանեց այն: Հետաքրքիր է, որ Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետ Թերեզա Մեյը ԵԽԽՎ բանավեճերի հետ գրեթե միաժամանակ խոսեց, որ ՌԴ դեմ բոլոր արևմտյան «պատժամիջոցները» վերացվեն: Ըստ երևույթին, պետք է դառնալ նախկին պաշտոնատար անձ, որպեսզի նայել ճշմարտության աչքերին և ասել ճշմարտությունը։

Հայաստանում նախկին իշխող ​​կուսակցության` Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն իշխող կուսակցությունն իսկապես հայ-ռուսական հարաբերությունների աննախադեպ կողմնակից է: Չգիտեմ, թե ում և ինչ եք դուք խոստացել, բայց այս քվեարկությունն ամոթալի էր: Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների փլուզման Նիկոլ Փաշինյանի ջանքերը կարող են շատ թանկ նստել երկրի համար»: Ես Ա. Աշոտյանի պես չէի չափազանցնի, բայց ռուսական ԶԼՄ-ների արձագանքը չի ուշացել․«Հայաստանի իշխող կուսակցությունը դեմ է քվեարկել Ռուսաստանի ԵԽԽՎ վերադարձին»,- գրում են ռուսները, ընդգծելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակություններն ամբողջական կազմով (միաձայն) քվեարկել են ԵԽԽՎ-ում Ռուսաստանի վերադարձի օգտին: Թուրքերի և ադրբեջանցիների նման էին մտածում Սլովակիայի, Սերբիայի, Պորտուգալիայի, Նորվեգիայի, Իտալիայի, Իսպանիայի, Իսլանդիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի պատվիրակությունների բոլոր անդամները: Ռուսաստանի վերադարձի օգտին են քվեարկել նաև Նիդեռլանդների, Մոլդովայի, Չեխիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի պատվիրակությունների մեծամասնությունը: Մի քանի պատվիրակություններում պատգամավորների ձայները բաշխվել են անհավասար՝ ի շահ Ռուսաստանի վերադարձի և դեմ քվեարկածների․ Շվեդիա, Մեծ Բրիտանիա, Վրաստան, Լատվիա, Լեհաստան, Էստոնիա և Լիտվա: Բրիտանական պատվիրակության «կարծիքը» կոտրում է Թերեզա Մեյի հայտարարությունը:

ԵԽԽՎ-ում քվեարկությունից առաջ խոսվում էր ԵԽԽՎ ռուսական պատվիրակության վերադարձին աջակցելու հայկական պատվիրակության «միանշանակ դիրքորոշման» մասին: Եվ արդյո՞ք պատահական է, որ հենց այդ ժամանակ Ազգային ժողովի փոխխոսնակ, փաշինյանական Ալեն Սիմոնյանը «Ազատություն» հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ «Ռուսաստանն օկուպացրել է Աբխազիան և Հարավային Օսիան»: Արձանագրենք. իշխող կուսակցության ներկայացուցիչները, վառ տերպետրոսյանական-փաշինյանականներն ակնհայտորեն չկողմնորոշվեցին ԵԽԽՎ պատերում։ Տարօրինակն այն է, որ Իգիթյանը, որպես նախկին ՀՀՇ-ական և Ռուբինյանը, որպես ՀՀՇ-ականի որդի, պարզապես պարտավոր են իմանալ, թե ինչի է ընդունակ Ռուսաստանը «պարտքերը բաշխելիս»: Կարապետ Ռուբինյանը չի՞ պատմել Ռուբենին, թե ինչ և ինչպես է անում Ռուսաստանը, եթե որոշում է «ընդմիշտ հիշել իր թշնամուն»։ «Ես պարզապես զարմացած եմ այդ մարդկանց իրականությունն ընդունելու խրոնիկական անկարողությամբ»,- Կարապետ Ռուբինյանի որդին այսպես արտահայտվեց նոյեմբերի 12-ին ՀՀԿ-ի մասին: Այսօր ես նույն արտահայտությունը ուղղում եմ նրան, իր հորը, Իգիթյանին և բոլոր տերպետրոսյանական-փաշինյանականներին․ Տիկնայք և պարոնայք, իրավիճակը կտրուկ փոխվել է: Թեկուզ ոչ Հայաստանում, այլ աշխարհում, Հայաստանը շրջապատող աշխարհում: Իսկ դուք չեք տեսնում իրականությունը, դուք ուղեղում չունեք կամ ապաճել են այն ուղեղային կենտրոնները, որոնք պատասխանատու են տեսողության համար, այդ թվում՝ նաև քաղաքական տեսողության:

Սերգեյ Շաքարյանց