«Թուրքիայում հայերը լարվածություն են զգում». ամերիկացի հոգևորական

Ամերիկացի հայտնի հոգևորական Էնդրյու Բրանսոնը մասնակցել է Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովի նիստին և ուշագրավ հայտարարություն է արել Թուրքիայում տիրող կրոնական իրավիճակի մասին։ Այս մասին տեղեկացրել է «Ermenihaber.am» կայքը։ Նիստը կրել է «Թուրքիայում կրոնական ազատությունները» խորագիրը։

Բրանսոնն իր ելույթն սկսել է Թուրքիայի կառավարության հասցեին խիստ քննադատություններով, իսկ թուրքական իշխանությունների կեցվածքը որակել է թշնամական։

«Այսօր Թուրքիայում ապրող փոքրամասնությունները, ըստ իս, Էրդողանի համակարգի կողմից ենթարկվում են թշնամական վերաբերմունքի,- ասել է Բրանսոնը։- Թուրքերի որոշակի խմբի համար մահմեդականությունը իսկապես ինքնություն է, բայց մյուս կողմից պետական համակարգը բավականին լավ այդ ամենը սերմանում է։ Կարծում եմ՝ Թուրքիայի հայերը և մյուս քրիստոնյա փոքրամասնությունները լարվածություն են զգում»։

Բրանսոնը նշել է, որ Թուրքիայում նկատվում են ծայրահեղ իսլամի դրսևորումներ։ Նաև նշել է, որ վերջին ժամանակներս ավելացել են քրիստոնյա հոգևորականների արտաքսման դեպքերը:

«Թիրախավորված օտարերկրացիները հիմնականում եկեղեցու առաջնորդներ են, կամ էլ հոգևորականներ, և ոչ թե ատամնաբույժներ կամ ինժեներներ։ Այսինքն սա խոսուն փաստ է այն մասին, որ արտաքսումներն առնչություն ունեն հավատքի հետ։ Ոչ վաղ անցյալում մի թուրք հոգևորական ինձ նամակ գրեց, որ այդ ամենը նշանակում է, որ քրիստոնեությունը որակվում է որպես ազգային անվտանգության սպառնալիք, իսկ դա կրոնական ազատությունների խախտում է»։

Ի դեպ հիշեցնենք, որ Բրանսոնը տևական ժամանակ կալանավորված էր Թուրքիայում, և ամերիկացի հոգևորականի պատճառով թուրքամերիկյան հարաբերությունները խիստ լարվել էին։ Թուրքական կողմը  նրան մեղադրում էր գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ։ Բրանսոնի պատճառով ԱՄՆը մի շարք քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ։ Երկարատև ճնշումներից հետո, ի վերջո, Թուրքիայի Իզմիրի դատարանը որոշեց նրան ազատ արձակել։