Ի՞նչ է թաքցնում Ադրբեջանը ԵԱՀԿ միջնորդներից, ռազմական գործողությունների հավանականությունը փաստում են համատարած զորավարժությունները

Հունիսի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ ԱՀ ԱԳՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր, ինչը մեզ կարող է տարբեր եզրակացությունների առիթ տալ՝ հաշվի առնելով նաև արցախաադրբեջանական սահմանին վերջին զարգացումները՝ հաճախակիացած ադրբեջանաթուրքական զորավարժություններ, որոնք էականորեն տարբերվում են բնույթով, ծավալով, ներգրավված զինտեխնիկայի տեսակով ու քանակով, առաջնագծում հակառակորդի դիպուկահարների ակտիվացում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և հայկական կողմից սահմանին զոհերի թվի ավելացում։

Նշենք, որ սա երկրորդ անգամ է, երբ Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելություն իրականացնող դիտորդներին առաջնագիծ դուրս չի բերում։ Դեռևս հունիսի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունի քաղաքից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում, և այդ ժամանակ նույնպես ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Թե ինչ հիմնավորումներ է Ադրբեջանը ներկայացրել միջնորդներին, դժվար է ասել և միայն կարելի է գլխի ընկնել, որ, օրինակ, վախեցրել է հայկական կողմի դիպուկահարների անվրեպ կրակոցով, որի համար իրենք որևէ երաշխավորություն չեն կարող տալ։ Բայց արդյո՞ք ԵԱՀԿ առաքելություն իրականացնող դիտորդներն այդքան միամիտ են և չգիտեն, թե իրականում ո՞ր կողմն է ագրեսորն ու սադրիչը։ Գլխի՞ են ընկել արդյոք միջնորդները, թե ինչո՞ւ են ադրբեջանցիները այդպես ջանասիրաբար թաքցնում իրենց առաջապահ դիրքերը, նույնպես չենք կարող ասել, և փաստորեն նրանք իրավունք էլ չունեն պնդելու, որպեսզի որևէ կողմը դիրքերն ամբողջությամբ թափանցիկ ու հասանելի պահի իրենց համար։

Ադրբեջանի այս գաղտնապահությունը, ինչպես նաև առնվազն վերջին 15-20 օրերի զարգացումները Արցախի և Ադրբեջանի շփման գծում, Նախիջևանի սահմանին, Հայաստանում, ինչպես նաև Ռուսաստանում մեծածավալ զորավարժությունների անցկացումը հուշում են, որ Ադրբեջանն առնվազն լայնածաված ռազմական գործողությունների նախապատրաստություն է տեսնում և հայկական կողմը դա գիտակցելով՝ միջոցներ է ձեռնարկում դրանք կանխելու կամ վատագույն դեպքում հակառակորդի հարձակումներին հակադարձելու համար։ Չի բացառվում, որ Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելություն իրականացնող դիտորդներից հենց այդ մտադրությունն էլ թաքցնելու նպատակ է հետապնդել, երբ նրանց, մեղմ ասած, համոզել է չգնալ առաջապահ դիրքեր։

Պաշտոնական աղբյուրները, բնականաբար, լռում են Ադրբեջանի՝ լայնածավալ ռազմական գործողություններին նախապատրաստվելու հնարավոր մտադրության մասին, ավելին, հայկական կողմից հնչած հայտարարություններում թեև նշվում է ադրբեջանական կողմից ագրեսիայի ավելացման մասին, սակայն եզրահանգումները մեղմ են ու լավատեսական։ Այնինչ փաստերը ստիպում են զգոն լինել և ամեն վայրկյան պատրաստ դիմագրավելու հակառակորդի հարձակումներին։

Դեռ հունիսի 7-ից սկսած հինգ օր շարունակ՝ մինչև հունիսի 11-ը, Նախիջևանում անցկացվեց «Անդրդվելի եղբայրություն–2019» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը, որը մասնագետների գնահատմամբ՝ ընթացել է պաշտպանական, հակահարձակողական սցենարով։ Հակառակորդի զորքերն այդ ընթացքում փորձարկել են Նախիջևանի հյուսիս և հյուսիսարևելյան հատվածի առաջնագիծը ու բնագծերը հայերի կողմից ճեղքելու դեպքում այդ հատվածը պաշտպանելու և հայկական ուժերին հակագրոհով դուրս մղելու, որոշ տեղերում էլ հայկական ուժերը շրջապատելու և լեռնանցքների պաշտպանությունը կազմակերպելու, Նախիջևանում ամրանալու սցենարը։ Ադրբեջանի ՊՆ-ն զորավարժության մասին հայտարարության տեքստում նշել էր, որ այդ զորավարժությունները մարտավարական են: Սակայն, մասնագետների հավաստմամբ, մարտավարական զորավարժությունների ժամանակ անհամեմատ ավելի քիչ ուժեր են ներգրավվում և խնդիրներն էլ ավելի փոքր են։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ վարժանքներին ներգրավվել էր ընդհանուր 5000-ի չափ անձնակազմ, մոտ 200 միավոր տանկ և զրահատեխնիկա, 180 հրթիռահրետանային միջոց, 21 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ: Բացի այս, թուրքական կողմը իր հետ Նախիջևան էր բերել առնվազն 6 միավոր ACV-15 ՀՄՄ: Հրթիռահրետանային միջոցներից մշտական տեղակայման վայրերից դուրս բերվել և օպերատիվ շրջաններ էին տարվել նաև «Սմերչ» և T-300 «Քասրղա» ՀԿՌՀ-ները: Ավիացիոն միջոցներից, ի թիվս Մի-35 և Մի–17 ուղղաթիռների, ցամաքում զորքերին աջակցում էին Սու-25 գրոհիչները, որոնք Նախիջևանում մշտական տեղակայման էին բերվել 2017-ի օգոստոսին, իսկ մինչև այդ մարտական ինքնաթիռների թռիչքներ Նախիջևանում չեն արձանագրվել: Հաշվի առնելով, որ այդ զորավարժությունների ժամանակ խաղարկվում էին Նախիջևանի հյուսիս և հյուսիսարևելյան հատվածից հակառակորդի դուրսմղման գործողություններ, դրանք ռազմավարական նշանակության խնդիր են լուծել։

Ի տարբերություն Նախիջևանի, արցախաադրբեջանական սահմանին անցկացված վերջին զորավարժությունների բնույթը հարձակողական է՝ հակառակորդի վրա գրոհելու տրամաբանությամբ, թեև ադրբեջանական կողմը միջազգային հանրությանը ներկայացնում է, թե ընդամենը ուսումնական զորավարժություններ է իրականացնում: Ռազմական փորձագետների հավաստմամբ՝ ուսումնական զորավարժությունները բոլորովին այլ ծավալներ ու զինտեխնիկա են ընդգրկում։ Մինչդեռ արցախաադրբեջանական առաջնային գծի ողջ երկայնքով հունիսի 11-12-ը նկատվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ ուղեկցվել են սահմանված թռիչքային գոտին օդանավերով, ուղղաթիռներով և անօդաչու թռչող սարքերով խախտելու գործողություններով, որոնք միանշանակ կարելի է դիտարկել որպես հետախուզական միջոցառում:

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի գործընկեևների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «այս տարի Թուրքիան ու Ադրբեջանը անցկացնելու են համատեղ 13 զորավարժություն՝ ի տարբերություն 2018թ. 7 զորավարժության»։ Չի՞ նշանակում արդյոք սա, որ Ադրբեջանը ակտիվորեն լծվել է իր բանակը ռազմական բարձրագույն պատրաստականության բերելու գործին, ինչը սովարաբար նախաձեռնում են պատերազմներից ու ռոզմական խոշոր գործողություններից առաջ։ Եվ քանի որ Ադրբեջանին որևէ երկրի կողմից ռազմական հարձակում չի սպառնում, հասկանալի է, որ ինքն է հարձակողական գործողությունների ծրագրեր մտմտում։

Ի դեպ, միայն զորավարժությունների ժամանակ չէ, որ Ադրբեջանն այս տարի առանձնանում է նոր զինտեխնիկա գործադրելով։ Դեռ գարնանից սկսած արցախաադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նորից սկսեցին երկրաչափական պրոգրեսիայով աճել՝ գագաթնակետին հասնելով ամռանը։ Հունիսի 12-ի գիշերը ադրբեջանական կողմը, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործադրեց ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի  նռնականետեր (5 նռնակ): Ինչպես նշում են մասնագետները, Ադրբեջանը սահմանին սկսել է կիրառել զինատեսակներ, որոնք վերջին 6 ամսվա ընթացքում գրեթե չեն կիրառվել՝ ականանետեր, հաստոցավոր նռնականետեր, աճել է նաև խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառումը:

Կիրառվող զինատեսակները լուրջ սպառնալիք դեռևս չեն առաջացրել՝ չհաշված, իհարկե, սահմանը պաշտպանող զինծառայողների մահվան ու վիրավորվելու դեպքերը, բայց դրանց գործադրումը մտածելու տեղիք է տալիս, որ սահմանին իրավիճակային փոփոխություն կա, և թշնամին լուրջ գործընթացների է պատրաստվում՝փորձելով դրանցում ներքաշել նաև իր ռազմավարական գործընկեր պետություններին։

Հունիսի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնել է, որ երկրի հատուկ նշանակության ուժերը նոր զորավարժություն են նախապատրաստում Պակիստանի համապատասխան ստորաբաժանման հետ։ Զորավարժության հստակ ժամանակահատվածը Հասանովը չի նշել, սակայն նշել է, որ սցենարն արդեն պատրաստ է։ Ըստ նրա՝ այն անցկացվելու է Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի նոր շահագործման հանձնված զորավարժարանում, որը տեղակայված է Բաքվից մոտ 5 կմ դեպի արևմուտք:

Իսկ մինչև այդ ապրիլի 5-ի իր հարցազրույցներից մեկում Զաքիր Հասանովը նշել է, որ Ադրբեջանը ծրագրում է երկկողմ և եռակողմ զորավարժություններ, այդ թվում՝ Պակիստանի հետ։ Ռազմական գործընկեր պետություններից մեկն էլ Ադրբեջանի համար Վրաստանն է, որին էլ մտադիր է ներգրավել եռակողմ զորավարժություններում։ Հիշեցնենք, որ հունիսի 12–ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում անցկացվեց Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի պաշտպանության նախարարների 7-րդ համատեղ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ կողմերը քննարկել են եռակողմ ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները և տարածաշրջանային անվտանգությունը։ Հանդիպման ավարտին քննարկումների արդյունքների հիման վրա կողմերը համագործակցության արձանագրություն են ստորագրել։ Հանդիպմանը կողմերը զորավարժությանը մասնակցելու են հրավիրել Վրաստանին։

Ի դեպ, այսօր Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյի կուրսանտների ու մանկավարժական կազմի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը չի էլ թաքրել իր ռազմատենչ նպատակները՝ հստակ նշելով, որ Ադրբեջանն ամեն պահի պատրաստ է հարձակվելու Արցախի Հանրապետության վրա, որը նա ներկայացնում է իբրև ադրբեջանական տարածք։

«Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ։ Դրա համար էլ Ադրբեջանը կշարունակի հզորացնել իր ռազմական ուժը։ Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում։ Այն չի ավարտվել, և մենք ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք մեր հարազատ հողերի ազատագրմանը․․․ »,- հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ բանակաշինության գործընթացը հաջողությամբ ու շեշտակի շարունակվում է՝ կատարվում են առաջնագծային աշխատանքներ, նոր ռազմատեխնիկա է գնվում, բարձրանում է մարտունակության մակարդակը․ «Այսօր ադրբեջանական բանակն իր ուժը ցույց է տալիս։ Մեր բանակի հզորությունը, մարտունակությունն ու պրոֆեսիոնալիզմը մեծանում են։ Այսօր մեր բանակը բարձր մակարդակի վրա է գտնվում»։ Ալիևը նաև շեշտել է, որ Ադրբեջանի հնարավորությունները մեծանում են, բարելավվում է ֆինանսական վիճակը, գնվում և բերվում է բանակի համար անհրաժեշտ տեխնիկա, զենք ու ռազմամթերք։

Եվ մինչ հայ հասարակությունը պատերազմի վերսկսման մտահոգություններով էր արձագանքում Ադրբեջանի նախաձեռնություններին, սահմանին օրեցօր ավելացող մեր զոհերին ու հրադադարի խախտման դեպքերին, հայկական կողմը վերջապես զորավարժություններ նախաձեռնեց՝ թերևս պաշտոնական Բաքվին հասկացնելով, որ հարձակման դեպքում նաև համապատասխան հակահարված կարող են ստանալ, ինչպես նաև ակնարկելով, որ Ադրբեջանը մեղմի հավաքած թափը։

Հունիսի 17-ին Արցախի Պաշտպանության խոշոր հրամանաշտաբային զորավարժություն անցկացրեց, որը նախատեսված էր 2019թ. պատրաստության պլանով։ Դրանք սկսել են հունիսի 17-ին՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ և ավարտվել հունիսի 20–ին: Վարժանքներին ներգրավվել էր 10 հազար զինծառայող, 200-ից ավելի հրետանային միջոց, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգ, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր։ Վարժանքների հիմնական շեշտադրումը գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարումն էր, ինչպես նաև մարտավարության նոր դրվագներ մշակելը: ՊԲ կայքի հաղորդագրության մեջ նշված է, որ դրանց ժամանակ պետք է փորձարկվեին հետախուզական և կառավարման համակարգեր, զինատեսակների նոր նմուշներ:

Իսկ ահա հունիսի 18-ին ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերում մեկնարկեց զորավարժություն հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ: Իսկ Պաշտպանության բանակում զուգահեռ անցկացվեցին ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ մարտական հրաձգությամբ զորավարժություններ: ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ այդ զորավարժությունների ժամանակ կիրառվել են   Ս-300, արդիականացված Ս-125, «Օսա-ԱԿ» և «Ստրելա-10» զենիթահրթիռային համալիրներ, «Իգլա-Ս» և «Վերբա» դյուրակիր ԶՀՀ-ներ, ինչպես նաև տեղական արտադրության նորագույն ռադիոլոկացիոն կայաններով սպառազի­նված ՀՕՊ ստորաբաժանումներ:

Զորավարժությունների նպատակն էր համատեղ կիրառման հարցերի ներդաշնակումը, միասնական կառավարման համակարգերի, ռադիոլոկացիոն հետախուզության և զենիթային կրակի վարման արդյունավետության, ինչպես նաև մարտական հաշվարկների պատրաստության մակարդակի բարձրացումը:

Նշենք, որ հունիսի 17-ին խոշոր հրամանատարաշտաբային վարժանքներ սկսեց նաև ռուսաստանյան զինված ուժերը՝ Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանում։ Վարժանքներին մասնակցում էին ՌՕՈւ և ՀՕՊ 4–րդ բանակը։ Վարժանքները ուղեկցվել են մարտական կրակով և ավարտվել են հունիսի 21–ին։ Այս մասին Razm.info կայքին տեղեկացրել են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից։ Վարժանքներին ներգրավված է եղել 10 օդանավակայան, ավելի քան 100 ինքնաթիռ ու ուղղաթիռ, Ս–300 և «Պանցիր–Ս1» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգեր։ Նկատենք, որ Հայաստանում գտնվող 102–րդ ռազմաբազան ներառված է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ։ 102-րդ ռազմաբազան այստեղ է տեղակայված 1995 թվականից և ռազմական հսկողություն է իրականացնում՝ ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի համաձայն: Ասել է, թե Ռուսաստանը ամրացնում է իր հարավային ուղղության սահմանները, բացառելու համար որևէ ագրեսիայի իրականացում ինքնիշխան պետության նկատմամբ։

Իսկ հունիսի 24-ից Ռուսաստանի Կենտրոնական զինվորական օկրուգում մարտունակության հանկարծակի ստուգում է սկսել, զորքերը բերվել են մարտական բարձրագույն պատրաստության։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նա հայտնել է, որ ստուգումները նախաձեռնվել են նախագահ Պուտինի որոշմամբ:

Շոյգուն ասել է, որ այս միջոցառումն ուղղված է Կենտրոնասիական շրջանում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական անվտանգությունն ապահովելու կարողությունները գնահատելուն: Միաժամանակ բարձր մարտական պատրաստության վիճակի է բերվել Հարավային ու Արևելյան օկրուգների զորքերի մի մասը, ինչպես նաև օդա-դեսանտային զորքերը (ՕԴԶ) և հեռահար ավիացիայի ստորաբաժանումները։ Ստուգումները կավարտվեն վաղը՝ հունիսի 28-ին 35 հրաձգարաններում (պոլիգոներում) ավելի քան 50 զորավարժություններով։

Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ամենայն հավանականությամբ փորձում է համարժեք կեցվածքով պատասխանել ՆԱՏՕ-ի ղեկավարության այն մարտավարությանը, ըստ որի՝ Ռուսաստանի ամբողջ պարագծով ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինուժը առավել մոտենում են վերջինիս սահմաններին, միաժամանակ գնահատել այն վտանգները, որոնք կարող են առաջանել իսլամական արմատականություն արտահանող երկրների նկատմամբ։

Թագուհի Ասլանյան