Զոհրաբ Մնացականյանը և Կարմելո Աբելան քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր (տեսանյութ)

Հունիսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման հարցերով նախարար Կարմելո Աբելային: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ ղեկավարները  բարձր են գնահատել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումները միջազգային հարթակներում և կարևորել են երկկողմ ձևաչափով մալթական  պատվիրակության առաջին այցը Հայաստան, որը վկայում է հայ-մալթական օրակարգի առավել խորացման և հարստացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամության մասին: Զրուցակիցներն  ընդգծեցլ են այս տարվա փետրվարին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ հուշագրի ստորագրումը՝ որպես լավ խթան Հայաստանի և Մալթայի միջև առկա քաղաքական երկխոսության ներուժի լիարժեք կիրառման ուղենշման համար:

Արտգործնախարարները մտքերեն  փոխանակել երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Առանձնահատուկ կարևորվել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանման ուղղությամբ նախաձեռնությունների մշակումն ու իրագործումը, ընդգծվեց համապատասխան իրավապայմանագրային հիմքի ընդլայնման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

Զոհրաբ Մնացականյանը և Կարմելո Աբելան անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը՝ շեշտելով  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը՝ որպես ԵՄ կառույցի և անդամ երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ամուր իրավական հենքի: Արևելյան գործընկերության 10-ամյակի համատեքստում ընդգծվել է, որ հոբելյանական տարին լավ առիթ է անդրադառնալու արձանագրված ձեռքբերումներին և ուրվագծելու համատեղ աշխատանքի հեռանկարները: Երկուստեք կարևորվել է նաև մարդկանց միջև շփումների խթանումը և ընդլայնումը՝ որպես պետությունների միջև կապերի ամրապնդման կարևոր գործոն:

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը նաև միջազգային կառույցներում՝ այդ առումով առանձնահատուկ կարևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մալթացի իր գործընկերոջը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ ընդգծելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և այս շրջանակներում հրադադարի ռեժիմի ամրապնդման, ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին կողմերը հանդես են  եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Նույն օրը՝ առավոտյան, Մալթայի ԱԳ նախարարը և նրա գլխավորած պատվիրակությունն այցելեցլ են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: