Արցախի ՄԻՊ-ը աշխատանքային այցով մեկնել է Կալիֆորնիա

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ԱՄՆ Հայ իրավաբանների միության հրավերով, հունիսի 27-ին աշխատանքային այցով մեկնել է Կալիֆորնիա:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի լրատվական ծառայության տեղեկացմամբ, Պաշտպանը, որպես հիմնական խոսնակներից մեկը, Լոս Անջելեսում մասնակցելու է ԱՄՆ Հայ իրավաբանների միության 30-րդ տարեկան համաժողովին՝ ելույթ ունենալով արցախցիների իրավունքների պաշտպանության գործում արտաքին մարտահրավերների ու խոչընդոտների թեմայով:

Ա. Բեգլարյանը նաև մի շարք հանդիպումներ է ունենալու տեղի հայկական կազմակերպությունների, ինչպես նաև որոշ ակադեմիական շրջանակների, Կալիֆորնիայի նահանգային իրավապահ մարմինների և Սենատի ներկայացուցիչների հետ:

Պաշտպանի այցի օրակարգը նպատակաուղղված է մարդու իրավունքներին վերաբերող միջազգային ծրագրերում Արցախի ընդգրկվածության մակարդակը բարձրացնելուն: