Անապահով ընտանիքների անչափահաս երեխաների հիվանդանոցային բուժօգնությունը այսուհետ կլինի անվճար

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առողջապահության ոլորտի ընթացիկ ծախսերն այս տարի կավելանան հավելյալ 12 մլրդ դրամով՝ ամփոփելով ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած համապատասխան նախագծերը։

ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նախարարությունը փորձում է համահարթեցնել բուժհիմնարկներում բուժծառայությունների իրական գործող ու պետպատվերի շրջանակում տրամադրվող գումարները, որպեսզի «պացիենտը ստիպված չլինի գրպանից հավելյալ գումարներ վճարել»։

«Կառավարությունն ամեն ինչ պետք է անի, որ ՀՀ քաղաքացին լինի առողջ, իհարկե, առաջին հերթին սոցիալապես անապահով քաղաքացին լինի առողջ, որպեսզի աշխատելու, ստեղծագործելու և իր հուսահատ սոցիալական վիճակը հաղթահարելու հնարավորություն ունենա»,– նախագծի ներկայացումից հետո ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ նախկինում պետպատվերի գումարները մինչև տարեվերջ սպառվում էին, և քաղաքացիները ստիպված էին լինում իրենց առողջական խնդրի լուծման համար սպասել հաջորդ տարվան։ ՀՀ վարչապետի խոսքով` այս հատկացումը թույլ կտա խուսափել նման դեպքերից։

Ընդունված որոշումը վերաբերում է մինչև 18 տարեկանների հիվանդանոցային ծառայություններին։ Որոշման ընդունումից հետո, Անահիտ Ավանեսյանի հավաստմամբ, նրանց ծնողներից այլևս գումար չեն պահանջի հիվանդանոցում։