Տնտեսությունը դարձյալ լավ տրամադրություն ունի․կանխատեսվում է արտահանման աճ

Կառավարության այսօրվա նիստը սկսելուց առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մայիսին Հայաստանի տնտեսությունն արձանագրել է 7,3 տոկոս տնտեսական ակտիվություն։

«Ուզում եմ արձանագրել, որ մայիսին, նախորդ տարվա մայիսի նկատմամբ, ունեցել ենք 15 տոկոսանոց աճ։ Իսկ հունվար–մայիս ամիսներին նախորդ տարվա հունվար–մայիսի նկատմամբ` 0,1 տոկոսանոց աճ, ինչը նշանակում է, որ մենք այս տարի արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել ենք»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ տարվա արդյունքներով կանխատեսվում է արտահանման աճ։ Ընդ որում, եթե 2018-ին արտահանվող ապրանքների մեջ մշակող արդյունաբերության արտադրանքը կազմում էր 62,8 տոկոս, ապա այս տարի այս ոլորտի ցուցանիշն արտահանվող ապրանքների ծավալում աճել է շուրջ 30 տոկոսով։ Իսկ միջին տեխնոլոգիատարությամբ ապրանքների ծավալն աճել է շուրջ 20 տոկոսով։

Ավելացել են նաև գյուղապրանքների արտահանման ծավալները` նախորդ տարվա համեմատ շուրջ 70 տոկոսով։ Ամենամեծ ծավալը կազմել են լոլիկը, վարունգը, ելակը, թարմ ձուկը։

«Այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական դաշտն ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կառավարության մեսիջները»,– ասաց վարչապետը։

ՀՀ վարչապետը նկատեց՝ գործարարները կառավարության մեսիջները ճիշտ են ընկալել, այժմ հերթը պետական համակարգինն է։ Տնտեսությունն ու պետական համակարգը պետք է սկսեն գործել համահունչ կերպով։

Փաշինյանը նաև նշեց, որ արտահանման հիմնական ուղղություններն են ՌԴ–ն և ԵԱՏՄ երկրները, երկրորդ տեղում արդեն ԵՄ անդամ երկրներն են։ Փաշինյանը հայտնեց, որ այս ուղղությամբ քննարկումներ է ունեցել ՌԴ նախագահի ու վարչապետի, ինչպես նաև Վրաստանի վարչապետի հետ։ Նրա խոսքով` այդ երկրներում Հայաստանի հետ պայմանավորվածությունները ճշգրիտ կյանքի են կոչվում, ինչի համար Փաշինյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին։