Եթե ՀՀ իշխանությունները չկատարեն Աշոտ Ղուլյանի առաջարկը, կապացուցեն, որ իշխանությունը գտնվում է թուրքամետների ձեռքում

Վերջերս Արցախի բարձրագույն ղեկավարությունը Հայաստանի իշխանությունների առջև նոր օրակարգ դրեց: Արցախի Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը «Առավոտ» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությանը, նշել է, որ Հայաստանը պետք է հարց բարձրացնի Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբից հանելու պահանջով։

«Ակնհայտ է, որ Թուրքիան շատ է օգնում Ադրբեջանին բանակի վերազինման և վերապատրաստման գործում:  Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները հաստատում են, որ հայկական կողմի դիրքորոշումն այն մասին, թե Թուրքիան չի կարող անկողմնակալ մնալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, լիովին հիմնավորված է»,- հայտարարել է Ա․Ղուլյանը՝ հավելելով, որ նման իրավիճակում հասունացել է ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային հանելու հարցը հայկական կողմի բարձրացնելու պահը։

Ղուլյանը նաև մեկնաբանել է հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը`ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: «Վաշինգտոնյան հանդիպումը պետք է դիտարկել Մոսկվայում և Փարիզում անցկացված նախորդ հանդիպումների շարունակման տրամաբանության մեջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ձգտում են հավասարակշռություն պահպանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային նախաձեռնություններում, և այս փուլում առաջատար դերի ընտրությունն անտեղի է»,- ասել է նա: Նրա դիտարկմամբ՝ համանախագահ երկրներից յուրաքանչյուրն ունի իր աշխարհաքաղաքական շահերը Հարավային Կովկասում, սակայն ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի շահերը համընկնում են տարածաշրջանում կայունության ապահովման գործում, և սա չափազանց կարևոր գործոն է խնդրի լուծման համար:

Ա. Ղուլյանի հայտարարությունների այս հատվածը պարզապես դիվանագիտության հարգանքի տուրք է, ոչ ավելին: Բայց Հայաստանի իշխանություններին արված առաջարկը՝ հրաժարվել Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումից (իսկ 1990-ական թվականներին Հայաստանը պաշտոնապես համաձայնեց, որ Թուրքիան ընդգրկվի ԵԱՀԿ ՄԽ կազմում), նորություն է: Ամբողջ այս տարիների ընթացքում Թուրքիայի ներկայությունը ԵԱՀԿ աշխատանքային մարմիններում և Արցախյան հիմնախնդրի լուծման մեջ ներգրավված խմբերում անտրամաբանական է եղել: Ի վերջո, մենք բոլորս գիտեինք, որ Թուրքիան հակամարտության անմիջական մասնակից է, ոչ թե շահագրգիռ պետություն: Արցախում սպանված թուրք զինծառայողները, անգամ «ժամկետանց» ռազմական փաստաթղթերով, քիչ չէին և կարևոր չէ՝ թուրքերը Արցախում մեզ հետ պատերազմում էին բացահայտ, թե գաղտնի:

Չեմ կարծում, որ Տեր-Պետրոսյանն ու նրա արտաքին գործերի նախարարները չգիտեին, որ թուրքերը ղեկավարում են Ադրբեջանի գլխավոր շտաբը, կամ որ ադրբեջանական զորամասերում և ստորաբաժանումներում շատ էին թուրք ռազմական հրահանգիչները: Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ «Էլչիբեյի» 1992-1993 թթ․ ռազմական խորհրդականը թուրք գեներալ Յաշար Դեմիրբուլակն էր, որը հետագայում դարձավ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի անդամ։ Ով ինձ չի հավատում, թող գտնի «Hurriyet» թուրքական թերթի 1993թ․նոյեմբերի 13-ի համարը և կարդա: Այնպես որ, պաշտոնական Երևանը չէր կարող չիմանալ, որ Թուրքիան հակամարտող կողմ է, բնականաբար, հայ ժողովրդի թշնամիների կողմից պայքարող: Սակայն ՀՀՇ-ի և Տեր-Պետրոսյանի «թուրքական սերն» այնքան ուժեղ էր, որ Հայաստանի իշխանությունները լռում էին, իսկ կոշտ հակաթուրքական հայտարարություններ 1990-ականներին անում էր միայն Արցախի ղեկավարությունը: Հիմա իրավիճակն այլ է, և այժմ էլ արցախյան խոսնակ Ա.Ղուլյանի առաջարկը Հայաստանի ղեկավարությանը նոր դիտարկումների տեղիք է տալիս:

Ընդհանրապես, մենք հագեցած ու վտանգավոր ժամանակներում ենք ապրում․ Թուրքերը Հյուսիսային Սիրիայում խնդիրներ ունեն, հասունանում է Իդլիբ նահանգի ահաբեկիչների պատճառով Իրանի և Ռուսաստանի հետ հակամարտությունը: Սրա հետ մեկտեղ ևս երկու առճակատումներ են ձևավորվել՝ ԱՄՆ-Ռուսաստան և ԱՄՆ-Իրան։ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ստեղծել է նոր շարժում`«Հանուն Արցախի», և այն օրեցօր ընդլայնվում է, թափ հավաքում: Նոր շարժման կողմնակիցները շատ են՝ գրեթե բոլոր երկրներում, որտեղ կան հայկական համայնքներ: Նման իրավիճակում դժվար է ասել, որ Արցախի հարցում Ռուսաստանի, Իրանի և ԱՄՆ-ի շահերը կարող են համընկնել «տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից», ինչպես արտահայտվել է Ա. Ղուլյանը «Առավոտ» թերթին տված հարցազրույցում: ԱՄՆ-ը կայունության չի էլ ձգտում, այլ ամեն կերպ փորձում է ապակայունացնել իրավիճակը, իհարկե, ոչ Անդրկովկասում, այլ Իրանում, Ռուսաստանի կովկասյան սահմանների երկայնքով:

Իսկ ի՞նչ է, Հայաստանի քաղաքացիները չգիտե՞ն, որ հարավում Հայաստանն ու Արցախը սահմանակից են Իրանին։ Եթե այսօր Արցախում պատերազմի վերսկսման վտանգ կա, ապա նման սցենարի գլխավոր պատվիրատուն հենց ԱՄՆ է, քանի որ Վաշինգտոնը ձգտում է ապակայունացնել Իրանում առկա վիճակը ցանկացած եղանակով, ցանկացած աշխարհագրական ուղղությամբ: Համոզված եմ, որ 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների գլխավոր հրահրողը ԱՄՆ էր, գուցեև Թուրքիայի միջոցով:

Վերադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ից Թուրքիան դուրս բերելու առաջարկին՝ նշեմ, որ Հայաստանն ու Արցախը զգալիորեն կազդեն իրավիճակի վրա: Համենայնդեպս, մեր տարածաշրջանում պատերազմ հրահրողները ստիպված կլինեն վերափոխել իրենց ծրագրերը: Այնպես որ, բրավո Աշոտ Ղուլյանին: Եթե ​​Հայաստանի ղեկավարությունը ձևացնի, թե իբր «չի լսում» Արցախի խորհրդարանի խոսնակի առաջարկները, մեր հասարակությունը կհամոզվի, որ իշխանությունը գտնվում է թուրքամետ «հինգերորդ շարասյան» ձեռքում:

Սերգեյ Շաքարյանց