Վերգետնյա և ստորգետնյա նոր անցումներ, հատուկ լուսավորություն, արագության ցածր շեմ․ Երևանի քաղաքապետի առաջարկները

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու նիստին անդրադառնալով ավտովթարների խիստ մտահոգիչ խնդրին՝ նշեց, որ մայրաքաղաքը վտանգավոր է ոչ միայն հետիոտնի, այլև վարորդների համար։

«Կարծում եմ՝ այս հարցին պետք է գլոբալ լուծում տրվի, բնականաբար նախաձեռնողը պետք է քաղաքապետարանը լինի, սակայն պետք է միանա նաև ոստիկանությունը և ոչ միայն, նաև՝ տարբեր գերատեսչություններ»,- ասել է քաղաքապետը։

Հայկ Մարությանը նշել է, որ արդեն տվել է հանձնարարական, որպեսզի բոլոր անցումների վրա լինի հատուկ լուսավորություն։

«Բնականաբար, ամբողջ քաղաքում չենք կարողանալու միանգամից անել, բայց ասել եմ, որ գույքագրեն ամենամութ և վտանգավոր անցումները և դրանք լուսավորեն»,- տեղեկացրել է քաղաքապետը։

Ըստ նրա՝ քննարկման ենթակա է նաև մեկ այլ առաջարկ՝ մեքենաների արագությունը նվազեցնելու վերաբերյալ։ Մարությանն առաջարկել է 60 կմ/ժ-ից իջեցնել 50 կմ/ժ-ի, օրինակ բերելով  եվրոպական երկրների փորձը, որտեղ նորմալ արագությունը հենց 50 կմ/ժ-ն է, այլ ոչ թե 60-ը։

Նա նաև առաջարկել է մայրաքաղաքում ավելացնել վերգետնյա և ստորգետնյա անցումները։

«Չնայած յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին մոնիտորինգ եմ անցկացնում, և շատ դեպքերում մարդիկ գրեթե չեն օգտվում վերգետնյա և ստորգետնյա անցումներից։ Այս վիճակում խնդիրը որոշ չափով կնվազի, բայց չի լուծվի, քանի որ մարդիկ գերադասում են ճանապարհն անցնել արագ, քան օգտվել անցումներից, ցավոք, դա էլ բերում է վատ դեպքերի»,- շեշտել է Հայկ Մարությանը։