Հայ ազգային էստրադային երաժշտության հիմնադիր Արտեմի Այվազյանն այսօր կդառնար 117 տարեկան (տեսանյութ)

Հայ կոմպոզիտոր, խմբավար, թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արտեմի Այվազյանը ծնվել է 1902թ․ հունիսի 26-ին՝ Բաքվում։ Նա համարվում է հայ ազգային էստրադային երաժշտության հիմնադիրը։

«Մարդ, ով հաջողակ էր ամեն ինչում»,- Արտեմի Այվազյանի մասին  ժամանակին այսպես է գրել «Элитарная газета» թերթը:

Արտեմի Այվազյանը նշանավոր տոհմի ժառանգորդ էր, կրթված ու զարգացած ընտանիքի զավակ: Հայրն իրավաբան էր, միաժամանակ նաև երաժշտաքննադատ, գեղարվեստական գրականության թարգամանիչ: Մայրը դաշնակահարուհի էր և որդուն փոքրուց սովորեցրել էր նվագել դաշնամուր և այլ երաժշտական  գործիքներ։

Արտեմի Այվազյանը հետագայում նախընտրել է թավջութակը՝ որպես կատարող հասնելով ակնառու հաջողությունների: Նա երաժշտական լուրջ կրթություն է ստացել` ավարտելով Թիֆլիսի կոնսերվատորիան ( 1923թ.), սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում (1932թ.), իսկ այնուհետև` Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (1935թ.):

Երևանում նա կոմպոզիցիայի դասեր է առել Ալեքսանդր Սպենդիարյանից: Եղել է նորաբաց կոնսերվատորիայի թավջութակի առաջին ուսուցիչը:

1927-1930 թթ. եղել է Լենինականի երաժշտական ստուդիայի տնօրենը։

Արտեմի Այվազյանն իր  հիշողություններում պատմել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբի հիմնադրման մասին․«Վերադաս կազմակերպությունները ցանկանում էին Հայաստանւմ ստեղծել մի երաժշտախումբ` աշխույժ, կենսուրախ, և ազգային, ջազի պես մի բան: Այդ գործը հանձնարարեցին ինձ»: Ինչ ասել կուզի, որ «այդ գործը» նա հրաշալիորեն կատարեց՝ 1938 թ․

կազմակերպելով  Հայաստանի պետական էստրադային նվագախումբը, որը ղեկավարել է մինչև 1956 թ․։

1943-1945թթ.` նա նաև Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։

Բացի բոլորին հայտնի, սիրված «Հեյ, ջա՜ն, Երևան» երգի, նա հեղինակ է «Թափառնիկոս» (բեմ.՝ 1937 թ.), «Պարոն Մինթոևը Փարիզում» (1963 թ.) կատակերգական օպերաների, ՝ «Ատամնաբույժն արևելյան» (բեմ. 1944 թ.), «Աշուղ Ղարիբ» (բեմ. 1945 թ.), «Սեր աստղերի տակ» (բեմ․1969 թ.) օպերետների, ինչպես նաև սյուիտների, կոնցերտների, 2 կվարտետի և այլն։

Գրել է կինոերաժշտություն «Ձյունե թագուհին» (1957թ., «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիա, Վենետիկի կինոփառատոնի 1-ին մրցանակ), «Մոր սիրտը» (1957թ.), «Ինչո՞ւ է աղմկում գետը» (1958թ.), «Պոեմ Հայաստանի մասին» (1960թ., վավեր․ ֆիլմ) և այլ կինոնկարների համար:

Արտեմի Այվազյանի հուշատախտակը տեղադրված է Երևանի Սայաթ-Նովա փողոցում։