Վրաստանում հակառուսականությունը պլանավորված, մշակված էր, իսկ զարգացումների գագաթնակետը եղավ նախագահի հայտարարությունը

Հունիսի 20-ին Թբիլիսիում ծայրահեղական անձանց և, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից շատ արագ կազմակերպված (կարծես նախապես գիտեին ինչ է լինելու և նախապատրաստվել էին) հակառուսական և հակակառավարական ուղղվածության բողոքի զանգվածային միջոցառումներն արագորեն վերածվել են զանգվածային անկարգությունների։

Ցույցի մասնակիցները հանդես են եկել Վրաստանի «ռուսական օկուպացիայի» դեմ, պահանջել խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, պետանվտանգության ծառայության ղեկավարի և ներքին գործերի նախարարի հրաժարականները, իսկ երբ նշված հրաժարականների նրանց պահանջներն անհապաղ չեն կատարվել (ինչը, նկատենք, տրամաբանական չէր), մոտ մեկ ժամ հետո փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը և ներխուժել խորհրդարանի շենք, ինչը ոմանց հաջողվել է։

Անհապաղ հրաժարականների պահանջը հուշում է, որ բողոքող զանգվածին ուղղորդողների նպատակը ոչ այնքան հիշյալ պաշտոնյաների հրաժարականին հասնելն էր, այլ խորհրդարանի շենքը գրավելը և Թբիլիսիում իրավիճակն առավելագույն լարելը։

Ոստիկանական ուժերի հետ բախման արդյունքում երկուստեք տուժել է 240 մարդ, իրավապահները ձերբակալել են ավելի քան 300 հոգու, իսկ խորհրդարանի նախագահը ստիպված է եղել հրաժարական տալ։ Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Վրաստանի խորհրդարանի դիմաց բողոքի բազմահազարանոց ցույցը (տարբեր տեղեկությունների համաձայն, 5-10 հազար մարդ է մասնակցել) ցրելուց հետո, բանը հասել է նույնիսկ այնտեղ, որ meduza.io-ի տեղեկացմամբ, ցուցարարները Թբիլիսիում ավերել են «Վրացական երազանք՝ Ժողովրդավար Վրաստան» իշխող կուսակցության գրասենյակը, կուսակցության տարբերանշանով դրոշներ այրել։

Այս ամենի պատճառը, ավելի ճիշտ, առիթը, ինչպես արդեն հայտնի է, Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ ու վեհաժողովի ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր (Կոմունիստական կուսակցությունից) Սերգեյ Գավրիլովին տեղ տալն էր, նրա նստելն այդ աթոռին և ռուսերենով իր ելույթը սկսելը, ինչից հետո ընդդիմության՝ «Եվրոպական Վրաստանի» և «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչները վերոնշյալը համարելով անհանդուրժելի, պոռթկացել են, հանքային ջրի շիշ է նետվել պատվիրակության անդամներից նույնիսկ մի էստոնացու վրա, որին սխալմամբ կարծել են, թե ռուս է։ Դրանից հետո վեհաժողովի նիստը, որը Գավրիլովի ելույթով դեռ նոր-նոր բացվել էր, հարկադրաբար ընդհատվել է, ռուսական պատվիրակության ղեկավարն անվտանգության ծառայողների ուղեկցությամբ լքել է խորհրդարանը, իսկ կարճ ժամանակ անց Վրաստանից հեռացել է Ռուսաստանի ամբողջ պատվիրակությունը։

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն և վարչապետ Մամուկա Բախտաձեն ներողություն են խնդրել այն բանի համար, որ «օկուպանտ երկրի» ներկայացուցչին տեղ է տրվել խորհրդարանի նախագահի աթոռին։

Ընդգծենք, որ մինչ հիշյալ միջադեպը, վրացական կողմը երաշխիք է տված եղել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի բոլոր անդամների անվտանգության համար: Տեղի ունեցածը, վերջին հաշվով, մեծ խայտառակություն է Վրաստանի համար ու լրջորեն սասանում է նրա միջազգային վարկանիշը (բացառությամբ ԱՄՆ-ի ու նրա վասալ պետությունների), համենայն դեպս, սասանում է վարկանիշը քրիստոնեական աշխարհում և, հատկապես, ուղղահավատ քրիստոնյաների շրջանում, քանի որ ատելություն և անհանդուրժողականություն է դրսևորվել Վրաստանի հյուրընկալած ոչ թե ինչ-որ քաղաքական կամ այլ խնդրով վեհաժողովի, համաժողովի պատվիրակության, այլ հենց Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարի հանդեպ։

«Վրաստանի խորհրդարանը 2 տարի շարունակ մեզ առաջարկում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը Վրաստանում անցկացնել և, վերջապես, մենք գնացինք,- այս մասին, «Aliq.ge»-ի փոխանցմամբ, հայտարարել է վեհաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովը «Կոմերսանտին» տված հարցազրույցում:

Գավրիլովն ասել է նաև․ «Վեհաժողովի բացման ժամանակ մենք շնորհակալություն հայտնեցինք Վրաստանի հյուրասիրության և միջոցառման լավ կազմակերպման համար: Հունիսի 20-ին մեզ հրավիրեցին խորհրդարանի շենք: Վրացական կողմը առաջարկեց զբաղեցնել խորհրդարանի խոսնակի տեղը: Տանտերերը, որտեղ հրավիրում են, այնտեղ էլ զբաղեցնում եմ տեղը»։

Տեղի ունեցածը, ամենայն հավանականությամբ, եղել է հստակ հակառուսական և աշխարհաքաղաքական նպատակաուղղվածությամբ սադրանք։ Թերևս այս մասին է հուշում նաև այն, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանը թշնամի է անվանել ու հայտարարել, որ Մոսկվան շահագրգռված է երկրի հասարակության պառակտմամբ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես արդեն հայտնի է, հրամանագիր է ստորագրել, որով ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից արգելում է փոխադրումներ իրականացնել Ռուսաստանից դեպի Վրաստան: Նա նաև կարգադրել է կառավարությանը՝ ապահովել Վրաստանի տարածքում գտնվող ռուսների վերադարձը: ՌԴ նախագահը, բացի վերոնշյալից, զբոսաշրջային օպերատորներին հորդորել է  արգելքի ժամանակաընթացքում Ռուսաստանից Վրաստան ուղեգրեր չվաճառել: Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին վրացական Առաջին հեռուստաալիքի եթերում Պուտինի հիշյալ հրամանագրի հետևանքների առնչությամբ ասել է, որ Վրաստանի վնասները կարող են հասնել մինչև 2,1 մլրդ լարիի կամ 750 000 ԱՄՆ դոլարի։ Նա առաջարկել է, որ ռուս զբոսաշրջիկները Վրաստան գան՝ վայրէջք կատարելով Երևանի, Բաքվի և Թուրքիայի Տրապիզոն քաղաքի օդանավակայաններում, միաժամանակ Վրաստանի զբոսաշրջային օպերատորներին, իշխանություններին առաջարկել է նրանց համար դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ավտոբուսային անվճար ուղերթներ կազմակերպել։

Պատասխանելով մեր հարցին, թե ռուսական պատվիրակության ղեկավար Սերգեյ Գավրիլովի ելույթն ընդհատելուց հետո ինչպե՞ս է հաջողվել Թբիլիսիում այդքան կարճ ժամանակաընթացքում բազմահազար մարդկանց հավաքել խորհրդարանի մոտ, իրականում ովքե՞ր են այդ մարդիկ, և ո՞րն է նրանց հիմնական նպատակը, ռազմական վերլուծաբան Հայկ Նահապետյանն ասաց․

«Նախ ասեմ, որ Վրաստանը, որպես այդ միջոցառման կազմակերպիչ, 2 տարի նախանձախնդիր կերպով փորձել է այնպես անել, որ վեհաժողովը տեղի ունենա Թբիլիսիում։

Երկրորդ․ այդ վեհաժողովի ղեկավարին՝ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Գավրիլովին, Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին հրավիրելու և նիստը վարելու առաջարկն արվել է վրաց պատգամավորների կողմից։ Այն, որ բողոքի միջոցառումը վաղօրոք կազմակերպված էր, ակնհայտ է, որովհետև  վրաց պատգամավորները նախօրոք կազմակերպված՝ ներսից, և հիմնականում Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող կազմակերպությունները՝ դրսից, արդեն իսկ պատրաստ էին խորհրդարանի ներսում տեղի ունեցող իրադարձությունները տանել դեպի փողոց։ Հակառուսականությունը պլանավորված էր, մշակված էր, իսկ զարգացումների գագաթնակետը եղավ այն, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանին հայտարարեց որպես օկուպանտ ու Վրաստանին թշնամի երկիր

Ի դեպ, այդ միջոցառումը նախորդեց երկու օր հետո՝ հունիսի 22-ին, Թբիլիսիում պլանավորված միասեռականների՝ արվամոլների և իգամոլների շքերթին, որին ընդդիմացան Վրաց ուղղափառ եկեղեցին, ազգային մի շարք կառույցներ, կազմակերպություններ, երիտասարդական խմբեր, որոնք հայտարարեցին, որ թույլ չեն տա այդ շքերթի անցկացումը»։

Հայկ Նահապետյանի հետ հարցազրույցի ամբողջական շարադրանքը կներկայացնենք մեր առաջիկա հրապարակումներից մեկով։

Արթուր Հովհաննիսյան