Պարո՛ն Սարգսյան, ամո՛թ է, գոնե Վահե Գրիգորյանի ասածներին արձագանքեք․ Գառնիկ Իսագուլյան

Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Այսօր այդ մասին  հրավիրված ասուլիսում հայտարարեց Իսագուլյանը, հավելելով՝ մնացել են միայն տեխնիկական հարցեր:

«Դեպքերը զարգանում մեզ համար ոչ ցանկալի ուղղվածությամբ, հանդուրժել այս ամենն անհնար է, և ես այս վերջին հանդիպման ժամանակ խնդրել, հորդորել եմ՝ հնարավորություն տա, որ ես ավելի ազատ կարգավիճակ ունենամ, այն է՝ ազատվեմ աշխատանքից այն պայմանով, որ մեր հարաբերությունները մնալու են նույնը»,-  ասաց ԱՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը։ Ըստ նրա` պաշտոնից ազատվելուց հետո ինքն այլևս բարոյապես կաշկանդված չի լինի գործելու համար.

«Հայաստանի այն պաշտոնյաները, որոնք այդքան մտահոգ էին, արդեն հանգիստ կլինեն… Իրենց համար սկսվում են շատ դաժան օրեր, կնախանձեն և գուցե հորդորեն Բակո Սահակյանին, որ ինձ նորից հրավիրի Արցախ։ Հավատացեք, որ մինչև Հայաստանում չկատարենք այն խնդիրը, որ պարտավոր ենք կատարել, Արցախը վտանգված է»:

ԱՀ մշտական ներկայացուցչության խորհրդականի կարծիքով՝ Հայաստան-Արցախ հարաբերություններում ավելի վատ վիճակ, քանի հիմա է, երբեք չի եղել. «Ո՞վ է տեսել՝ երկրի թիվ մեկ ղեկավարը խռովի երեխու նման, այս տարի մայիսի 9-ին Արցախ այցելելուց հետո շփում չլինի երկու երկրների ղեկավարների միջև։ Հիմա կարող է հայտարարեն, որ եղել է, բայց ես հո շատ լավ գիտեմ՝ ինչ է եղել։ Կամ եթե դու հայտարարում ես՝ Արցախն անկախ է, Արցախն ինքնուրույն է, Արցախը միայն ինքը պետք է բանակցի, այդ ի՞նչ միջամտություններ են Արցախի ներսում»:

Գ. Իսագուլյանը նշեց, որ այսօրվա գերխնդիրն Արցախն է ու Արցախի անվտանգությունը, մինչդեռ շատերը զբաղված են սենսացիաներով. «Վահե Գրիգորյանն ինչ կլինի, դա բացարձակ հետաքրքիր չէ այս ազգին: Հայաստանում հերոսներ են դատում, Մանվել Գրիգորյանին ամեն կերպ ստորացրել են՝ միայն թուրքը կարող էր դա անել: Մեղավո՞ր է՝ պատժե՛ք. չնայած էդ սցենարը սարքեցին… Միլիարդներից էիք խոսում, դե գտե՛ք, ցո՛ւյց տվեք։  Հիմա էլ արդեն սովորել են՝ մեկն իրեն վարչապետ է հռչակում, մյուսը՝ ՍԴ նախագահ, սեռական փոքրամասնություններով, տրանսգենդերներով ու սորոսականներով են լցնում երկիրը»:

Խոսել է նաև երկրի նախագահի մասին․ «Նախագահ ունենք՝ ինչի՞ է նման… Սահմանադրության պահապան է կոչվում… Ես ամաչում եմ, որ ինձ դաս է տվել, որ Արցախ առաջին այցի ժամանակ միասին ենք եղել: Պարո՛ն Սարգսյան, ամո՛թ է, գոնե Վահե Գրիգորյանի ասածներին արձագանքեք, ձեր նշանակածն է, ձեր առաջարկածն է»: