Գործակցության ընդլայնմանը կնպաստի Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը․ Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում:

ՀՀ ԱԺ լրատվական ծառայության տեղեկացմամբ, խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը հայ-հնդկական կապերի ամրապնդման գործում` նշելով, որ փոխգործակցության բազմաթիվ օրինակներ կան ամենատարբեր ոլորտներում: Այդուհանդերձ, ըստ Արարատ Միրզոյանի` երկկողմ հարաբերություններում առկա է դեռևս չիրացված մեծ ներուժ, այդ թվում` տնտեսության, կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում: ԱԺ նախագահի համոզմամբ`գործակցության ընդլայնմանը էապես կնպաստի երկու մայրաքաղաքների միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը, անդրադառնալով միջխորհրդարանական կապերի կարևորությանը, առանձնացրել է ինչպես բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվությունը, բարձր մակարդակով հանդիպումները, այնպես էլ միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցությունը, տարբեր հարցերի շուրջ փոխհամաձայնեցված գործունեությունը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հնդկաստանի խորհրդարանի ղեկավարին ուղղված`Հայաստան այցելելու հրավերը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար`Սանգվան Յոգեշվարը կանգ է առել այն համատեղ ծրագրերի վրա, որոնք մինչ այս իրականացվել են: Նա ևս ընդգծել է, որ համագործակցության զգալի մեծ հեռանկարներ կան, որոնք դեռ սպասում են իրենց կենսագործմանը: Երկկողմ հարաբերությունները որակելով որպես դինամիկ զարգացող`դեսպանը դրանց հետագա զարգացման առումով կարևորել է բարձր մակարդակով շփումները, օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության խորացումը, գործարար շրջանակների կապերի ակտիվացումը:

Հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ`Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Սանգվան Յոգեշվարն ամենուր կլինի Հայաստանի բարեկամների թվում: