Այս սցենարը նախագծված է, այն չլսված, արտառոց երևույթ է․Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի դատավարության մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույց է տվել «Հինգերորդ ալիք»-ին։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի՝ Մարտի 1-ի գործով դատավարության ընթացքին վերաբերող հատվածը

 Հարց. -Վերադառնալով դատավարությանը՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք վաղը Վերաքննիչ քրեական դատարանի որոշումից։ Դատավորը հեռացավ առանց Ձեր պաշտպանական թիմին լսելու։

Պատասխան. -Չեմ ուզում գուշակել, սպասելիքներ չունեմ այդ դատարանից։

Հարց. -Եվ դատավորի՞ց, մասնավորապես։

Պատասխան. – ․․․ Սպասելիքներ չունեմ։ Կարծում եմ, այդ սցենարը նախագծված էր։ Լսել մեղադրող կողմին, լսել այս գործով ներգրավված տուժողների ներկայացուցիչներին և հետո, ուղղակի մի զավեշտալի պատճառաբանությամբ, զրկել պաշտպանող կողմին ներկայացնել իր տեսակետը։ Արեցին ամեն ինչ, որ պաշտպանող կողմը չկարողանա ներկայացնել իր տեսակետը։ Մինչդեռ սա տասը սպանությունների դատավարություն չէր, քրեական գործն ընդանրապես դրա մասին չէ, և հասկանալի չէր, թե զոհվածների իրավահաջորդները ինչի՞ համար էին հրավիրված։ Կրկնեմ, սա ուղղակի մի սցենար էր, որը ենթադրում է ներկայացնել դատախազության և գործադիր իշխանության իրադարձությունների վերսիան և պաշտպանական կողմին զրկել այլ տեսակետ հնչեցնելու հնարավորությունից։

Հարց. -Բայց չլսված բան է՝ փաստաբանների համար, դատավորների համար։

Պատասխան. -Հայաստանի պատմության մեջ այդպիսի բան չի եղել։ Իմ փաստաբանական խումբը տարբեր սերունդների փաստաբաններից է բաղկացած, և ոչ մեկը երբեք չի լսել, և չեն պատկերացրել, որ նման բան ընդհանրապես հնարավոր է։ Նույնիսկ Կենտրոնական Աֆրիկայի պետություններում, խուլ գյուղերում, որտեղ դեռ մարդիկ են ուտում, այսպիսի բաներ չեն լինում։ Ուղղակի չլսված, արտառոց երևույթ է, և բնութագրում է այսօրվա հայաստանյան իշխանություններին։

Գիտեք, իրենք անում են բոլոր այն քայլերը, նաև սխալ քայլերը, որոնք անում է յուրաքանչյուր հեղափոխական, և ոչ միայն հեղափոխական, բայց, այսպես ասենք, առաջին ալիքի հեղափոխական։ Իրենք համարում են, որ միայն իրենք են ներկայացնում ժողովրդին, ակնհայտ է, բոլորս տեսնում ենք, որ այդպես են մտածում։ Իրենք համարում են, որ ժողովրդի անունից միայն իրենք կարող են խոսել, և քանի որ իրենք են ժողովուրդը, ապա իրենք օրենքից վեր են։ Իրենք մոռանում են մեկ բան, որ ժողովրդի սերը տատանվող մի երևույթ է, և ժողովրդի սիրուց ատելություն մեկ քայլ է, և այդ քայլի կեսից ավելին իրենք արդեն անցել են։

Հարց. -Բայց իրենք, պարոն նախագահ, ամեն օր ասում են, որ սիրում են ժողովրդին, մինչդեռ Դուք այդ բառերը չէիք օգտագործում։ Դուք ամեն օր սեր չէիք խոստովանում ժողովրդին։

Պատասխան-Գիտեք, ես կարծում եմ, որ ժողովրդի նկատմամբ սերը ղեկավարի կողմից պետք է արտահայտվի նրանով, որ ժողովրդի կենսամակարդակն ամեն օր բարձրանա, որ ժողովրդի սառնարաններում ուտելու բան լինի, որ ժողովրդի երեխաներին հագցնելու համար այդ նույն ժողովուրդը խնդիրներ չունենա, դպրոց ուղարկելու, կերակրելու։ Սա է ղեկավարի առաջնորդի սիրո արտահայտության հիմնական բաղադրիչը։

Հարց. -Պարոն նախագահ, շարունակելով թեման՝ դատական համակարգում իշխանությունները մի շարք փոփոխություններ են նախատեսում։ Երբ փոխվեց Ձեր խափանման միջոցը, Նիկոլ Փաշինյանը երկու օր անց կոչով հանդես եկավ՝ շրջափակել դատարանները, հետո իհարկե ասաց, որ այդ կոչով փորձում էր ցույց տալ, որ ինքը կապ չունի դատական համակարգի հետ։ Վեթինգ են ցանկանում իրականացնել, անցումային արդարադատություն, հակակոռուպցիոն դատարան ստեղծել։ Ձեզ համար հասկանալի՞ է՝ ի՞նչ է ուզում իշխանությունը։

Պատասխան. -Իսկ Ձեզ համար հասկանալի՞ է՝ ի՞նչ է ուզում։ Չեմ կարծում, որ Հայաստանում կա որևէ մեկը, ում հասկանալի է, թե ինչ է ուզում այս իշխանությունը։

Հարց. -Շատերը պնդում են, որ իշխանությունը ցանկանում է վերցնել իշխանության երրորդ ճյուղը։

Պատասխան. –Իսկ Դուք կասկածո՞ւմ եք, որ դա այդպես է։ Ես չեմ կասկածում։

Հարց. -Դուք համոզվա՞ծ եք։

Պատասխան. -Իհարկե համոզված եմ։ Սա լինելու է վեթինգ այն դատավորների նկատմամբ, որոնք ընդունակ են որևէ որոշում կայացնելու։