ՄԱԿ-ը հարցապնդում է հղել Թուրքիային 1915-1923 թվականներին հարկադիր տեղահանված հայերի ճակատագրի և նրանց վախճանի մասին

Մարտի 25-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խումբը հարցադրում է հղել Թուրքիայի կառավարությանը 1915-1923թթ. հարկադիր տեղահանված հայերի ճակատագրի վերաբերյալ:

Ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի՝ ՄԱԿ-ի Կարծիքի և արտահայտության ազատության աջակցության և պաշտպանության հարցերով և ՄԱԿ-ի Ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման խրախուսման և չկրկնվելու երաշխիքների հարցերով հատուկ զեկուցողները համատեղ հարցադրում են ներկայացրել և միջնորդել են, որպեսզի Թուրքիայի կառավարությունը դիրքորոշում հայտնի ներկայացված հարցապնդման վերաբերյալ:

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, փաստաթղթում տեղ են գտել մասնավորապես հետևյալ հարցադրումները.

  1. Թուրքիայի կողմից ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել 1915-1923թթ. ընթացքում բռնի ներքին տեղահանության, կալանավորման, արտադատական սպանությունների և հարկադրաբար անհետացման ենթարկված հայերի ճակատագիրը կամ գտնվելու վայրը պարզելու համար:
  2. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել ապահովելու համար այդ իրադարձությունների մասին ճշմարտությունն իմանալու տուժածների և, ընդհանուր առմամբ, հասարակության իրավունքը, ինչպես նաև ապահովելու համար արդարության և կրած վնասի հատուցման տուժածների իրավունքը:
  3. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել այդ իրադարձությունների հետևանքով զոհված հայերի մարմինների գտնվելու վայրերը հայտնաբերելու համար:
  4. Տեղեկատվություն տրամադրել 2017-ին օրենսդրության ընդունման պատճառների մասին, որն օրենսդիրներին արգելում է որոշակի արտահայտություններ անել։ Պարզաբանել, թե ինչպես է դա համատեղելի մարդու իրավունքների միջազգային իրավունքի հետ, մասնավորապես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ) 19-րդ հոդվածի հետ:
  5. Ներկայացնել մանրամասն տեղեկատվություն հայերի դեմ իրականացված հանցագործությունների մասին հայտարարություններ անող անձանց պատժելու նպատակով Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի կիրառման դեպքերի մասին:

Ի դեպ, փաստաթղթում նշվում է, որ Թուրքիային տրվում է 60 օր ժամանակ վերոնշյալ հարցադրումներին պատասխանելու համար: ՀԲԸՄ-ի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ շրջանառվում է այն տեղեկությունը, թե թուրքական կառավարությունը մայիսի 17-ին կտրականապես հրաժարվել է պատասխանել այդ հարցերին՝ ի հակադրություն ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության ընթացակարգերի: