Բաքուն լռում է Արցախի պաշտպանական բանակի զորավարժություններում Ս-300-ի գործարկման մասին

Հայաստանում և Արցախում անհանգստացած են վերջերս Նախիջևանում լայնածավալ թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացմամբ: Ընդամենը մեկ ամիս է անցել, կարծում եմ, շատերը հիշում են մեր թշնամիների կազմակերպած զորավարժությունների մանրամասները, հետևաբար, դրանց անդրադառնալ չեմ ուզում: Ինձ միայն մեկ հարց է հետաքրքրում՝ արդյոք թուրքական զորքերը լքե՞լ են օկուպացված «Նախչիվանը», թե մի քանի հազար թուրք այժմ էլ այնտեղ է: Ի վերջո, դեռ 2001-2002 թվականներից խոսակցություններ կային, որ Թուրքիան Նախիջևանում գաղտնի (այսինքն՝ անօրինական) ռազմակայան ունի։ Այս հարցի պատասխանը հնարավորություն կտա առավել առարկայորեն մտորելու, թե ի՞նչ են պատրաստում իրականացնել մեր դարավոր թշնամիները: Իսկ թուրքը թշնամի է ու միշտ է թշնամի լինելու:

Սակայն, ինչպես հայտնի է, դրանից հետո Արցախում նույնպես տեղի ունեցան լայնամասշտաբ զորավարժություններ: Ինձ հետաքրքրեց ոչ թե այն փաստը, որ այդ զորավարժությունները, փաստացի, կրկնօրինակում էին մեր թշնամիների զորավարժությունները (զորավարժություններում ընդգրկված զինվորական անձնակազմի թվով, զրահապատ մեքենաների, հրետանային և հրթիռային համակարգերի քանակով և այլն): Շատ ավելի հետաքրքիր է այն փաստը, որ Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի զորավարժություններում մասսայական գործարկվել են ՀՕՊ զորքերի ամենատարբեր զենիթա-հրթիռային համակարգերը (ԶՀՀ), այդ թվում նաև՝ Ս-300 ԶՀՀ։

Նաև հետաքրքիր է Ադրբեջանի արձագանքը մեր զորավարժություններին, չէ՞ որ Ապշերոնում սովոր են գլուխ գովելով հայտարարել, թե  «պատրաստ են ուժով ազատագրել Ղարաբաղը», սովոր են վիրավորել Արցախի Հանրապետության պաշտպանական բանակը և Հայաստանի զինված ուժերը: Այս ամենում մեղավորն այն է, որ 2016 թ. ապրիլին մեր զինվորականները հետ չվերադարձրին այն  «800 հեկտարը»։ Մեր թշնամիներին թվաց, թե կարող են արյունով մեզանից մի բան խլել: Ինչո՞ւ արյունով: Որովհետև (եթե հավատալ նախկին նախագահին և Հասրաթյանին) այդ նույն «800 հեկտարը» թուրքերի և ադրբեջանցիների համար արժեցան ոչ պակաս, քան 1000 կամ նույնիսկ 2000 զինծառայողի կորուստ։ Այդ օրերին ինտերնետը լցված էր Ադրբեջանի բնակիչների միջև հեռախոսային խոսակցությունների արձանագրություններով, և նրանք խոսում էին դիակներով լցված տասնյակ բեռնատարների առկայության մասին: Օտարերկրյա դիվանագիտական առաքելությունները Բաքվից հաղորդում էին Ապշերոնից Թուրքիա թռչող, դիակներով լի մի քանի ինքնաթիռների մասին: Ինչպես և հարևան Իրանը 2016թ. ապրիլին հանդես եկավ Թուրքիային հասցեագրված գրեթե բացահայտ սպառնալիքով, այն է՝ «վերանայել հարաբերությունները Անկարայի հետ՝ բոլոր բնագավառներում»։

Ադրբեջանական էլեկտրոնային ԶԼՄ-ների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նախ՝ Ադրբեջանում լարվածությամբ էին հետևում Արցախի Հանրապետության ՊԲ զորավարժություններին, ընդ որում, ընդունում էին, որ մեր զինվորականները զորավարժություններին գործարկել են «ավելի քան 50 հակահրթիռային համակարգեր»: Ինչ-ինչ պատճառներով մեր թշնամիները վախեցան ենթադրություններ անելուց, թե ինչո՞ւ են Արցախում օգտագործվել ՀՕՊ համակարգերը, ինչ-ինչ պատճառներով որոշեցին չհրապարակել իրենց ժողովրդին, որ օգտագործված ՀՕՊ համակարգերի շարքում կային նաև Ս-300-ներ: Երկրորդը, ադրբեջանական ԶԼՄ-ները որոշեցին, որ ավելի լավ է «արատավորել» Արցախում կատարվողի նշանակությունը, և սկսեցին հայտարարել, թե իբր «հայերը, ինչպես միշտ, ստում են»: Դե, ես այստեղ կավելացնեի՝ այնպես, ինչպես թուրքերն են ստում,  ստում են վրացիները և ուկրաինացիները, նաև ամերիկացիները՝ անգլիացիների հետ: Հիշո՞ւմ եք, ինչն էր առիթ հանդիսացել ԱՄՆ-ի և Անգլիայի ագրեսիային Իրաքի դեմ: Իբրև թե «զանգվածային ոչնչացման զենք» էր հայտնաբերվել Սադամ Հուսեյնի մոտ: Ամերիկացիներն ու բրիտանացիները «դեռևս փնտրում են» Իրաքի զանգվածային ոչնչացման զենքերը և չեն գտնում, թեև Հուսեյնն արդեն մի քանի տարի առաջ մահապատժի է ենթարկվել:

Որպեսզի պարզ լինի, թե ինչպե՞ս էին ադրբեջանցիներն արձագանքում Արցախի զորավարժություններին, մեջբերեմ «vesti.az» կայքէջի հաղորդագրությունից մեկ հատված՝ առանց կրճատումների. «Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները, օգտագործելով հատուկ միջոցներ և վերահսկողության սարքեր, ուշադիր հետևում և լիովին վերահսկում են հունիսի 17-ին Ադրբեջանի օկուպացված տարածքներում սկսված Հայկական զինված ուժերի զորավարժությունները: «Vesti.az»-ի փոխանցմամբ  Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը նշում է, որ թշնամին այս անգամ ևս  փորձում է անցկացվող զորավարժությունները ներկայացնել որպես «լայնամասշտաբ», որոնք անց են կացվում քիչ քանակությամբ անձնակազմի և սարքավորումների ներգրավմամբ: Ինչպես երևում է ներկայացված տեսանյութից, որը հակառակորդի կողմից 10 հազար անձնակազմի և մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա զորավարժություններում ընդգրկելու մասին տարածված տեղեկությունների հակապատկերն է, հայերը կրկին խաբում են իրենց հասարակությանը`յուրովի կեղծելու ճանապարհով, ինչպես նրանք միշտ են անում»,- ասված է ադրբեջանական ուղերձում:

Արցախյան զորավարժություններին ադրբեջանական ԶԼՄ-ներին ներկայացված տեղեկատվության  99 տոկոսը հենց այս բնույթն է կրում: Մեր տանկերն էլ են «ռետրո-ոճի»․ հիմարներ, վերջին տասնամյակների բոլոր ռուսական արտադրության տանկերը (բացառությամբ T-14 «Օբյեկտ 148-Արմատա» տանկի) հանդիսանում են  T-72-ի կատարելագործման փուլեր: Եվ այն երկրները, որոնք Նիժնի Տագիլում գնում էին T-72 տանկեր, չեն շտապում հանել դրանք իրենց սպառազինության ցանկից:

Մենք «տարաձայնություններ» ունենք ռազմաճակատում, այլ ոչ թե ՃՏՊ․ սա մեր թշնամիններն են գրում՝ զինծառայող Արայիկ Բալասանյանի մահվան մասին։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էր վերջերս խոստովանում, որ զորավարժությունների ընթացքում նրա ենթակաները պատահաբար հարվածել են բնակելի շենքի ուղղությամբ: Մեջբերեմ «Armya.az» կայքից մեկ հատված. «Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը պարզաբանեց Գյանջայի Սեյֆելի շրջանում զորավարժությունների ընթացքում բնակելի շենքին տանկի արկով հարվածելու դեպքը: «Սեյֆելիի հրաձգարանում» 70 տարիների ընթացքում անցկացվում են զորավարժություններ և նման դեպքեր երբեք չեն եղել: Զորավարժություններին արձակված արկը  դիպավ շենքին։ Այս միջադեպի պատճառով ես հանձնարարել եմ դադարեցնել զորավարժությունները: Հանձնաժողովն այս հարցով քննություն է իրականացնում»,- ասել է պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: Նախարարը հավելեց, որ հանձնաժողովի քննությունից հետո որոշում կկայացվի այդ հրաձգարանում զորավարժությունները շարունակելու մասին:

Միակ մտահոգությունն արտահայտել է միայն «media.az» կայքը. «… զորավարժությունների ժամանակ հիմնական ուշադրությունը դրվելու է գիշերը զորքերի գործնական խնդիրների կատարման վրա, ինչպես նաև նախատեսվում է մշակել նոր ռազմավարական մոտեցումներ: Այնուամենայնիվ, բացառված չէ, որ Երևանը պատրաստվում է Ադրբեջանին «կանխարգելիչ հարված» հասցնել, ինչի մասին մի անգամ չէ, որ խոսել են Երևանի փորձագետներն ու պետական գործիչները»:

Դե, Աստված նրանց՝ մեր թշնամիների հետ: Բայց, այնուամենայնիվ, ինչո՞ւ են լռում Արցախի ՊԲ զորավարժություններում ՀՕՊ համակարգերի զանգվածային օգտագործման մասին, եթե հպարտությամբ հայտարարում են՝ ի լուր մեզ և աշխարհի, որ իրենց հաջորդ զորավարժություններն անցկացնելու են Պակիստանի հետ:

Վախեցնելու բան գտան․ մենք դեռ չենք մոռացել, որ 1991-94 թթ․պատերազմում ապշերոնցիները զանգվածաբար օգտագործել են «դուշմաններին» Աֆղանստանից և օդաչուներ Պակիստանից: Միգուցե Բաքուն լռում է Արցախում ԶՀՀ  Ս-300-ի օգտագործման  մասին, որպեսզի պակիստանցիները (ենթադրենք՝ ռազմական օդաչուները) նախօրոք չհրաժարվեն Ադրբեջան գալուց և Արցախի ուղղությամբ թռչելուց: Պակիստանցիները թուրքեր չեն, նրանք տեսել են, թե ինչե՞ր են անում Ս-300-ը Հնդկաստանում…

Սերգեյ Շաքարյանց