Ամերիկացիները Իրանից ստացան «քանոնով հարված ձեռքներին»

Հունիսի 20-ին Իրանն անհերքելի ապացույցներով հայտարարել է, որ իրանական ԻՀՊԿ զինծառայողները խոցել են ամերիկյան «RQ-4 Global Hawk» անօդաչու թռչող սարքը:

ԻՀՊԿ հրամանատարության հաղորդման մեջ, որը տարածվել է իրանական բոլոր լրատվամիջոցների կողմից, նշվում է, որ ինքնաթիռը գնդակոծվել է Հորմոզգան նահանգի շրջանում՝ Իրանի հարավում: Նույն օրը Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին խստորեն դատապարտեց ԱՄՆ անօդաչու սարքի կողմից Իրանի օդային տարածքի խախտումը: «Նման տեսակի ագրեսիվ և սադրիչ գործողություններին դեմ լինելով, մենք նախազգուշացնում ենք՝ զերծ մնալ ցանկացած օբյեկտի կամ օդային թռչող միջոցների՝ երկրի օդային տարածք անօրինական և ագրեսիվ ներթափանցումից, Իրանի տարածքում ցանկացած ոտնձգությունից և սահմանների խախտումից», – ասված է Իրանի ԱԳՆ կայքում հրապարակված Մուսավիի հայտարարության մեջ: Մուսավին շեշտեց, որ Իրանի սահմանների խախտման  պատասխանատվությունը կրում են ոճրագործները:

Թեհրանի հայտարարություններից շատ ավելի ուշ արձագանքեց նաև ԱՄՆ-ը: Սկզբում ամերիկացիները կտրականապես հերքում էին ԻՀՊԿ-ի և Աբաս Մուսավիի հայտարարությունները`Իրանին մեղադրելով ստախոսության մեջ: Մի քանի ժամ անց, Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարեց, որ իրանական զենիթահրթիռային համակարգը խոցել է ԱՄՆ ՌԾՈՒ անօդաչու թռչող սարք՝ Հորմուզի նեղուցի վրա: Ամերիկացիները սկսեցին մեղադրել Իրանին, թե իբր «RQ-4 Global Hawk» անօդաչու թռչող սարքը խոցվել է «միջազգային օդային տարածքում»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CENTCOM հրամանատարության հայտարարությունից հետո Թվիթերի իր բլոգում գրել է. «Իրանը շատ մեծ սխալ է գործել»:

Ամերիկյան NBC հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրները, հայտարարել է, որ Սպիտակ տանը տեղի կունենա խորհրդաժողով, որտեղ քննարկվելու է «Իրանի գործողությունների պատասխանը»: Ըստ մեկ այլ ամերիկյան հեռուստաալիքի՝ CNN-ի տվյալների, նախատեսվում էր ԱՄՆ պաշտպանության նախարարի ժ․պ․Պատրիկ Շենահանի և նրան հաջորդող Մարկ Էքսպերի հանդիպումը: Ընդ որում, Թրամփը չէր պատրաստվում մասնակցել հանդիպմանը: Կարծում եմ, եթե պարզվի, որ Թրամփն իսկապես բացակայում էր Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից, ապա կնշանակի ԱՄՆ-ը ստում է․ իրենց անօդաչու սարքը խոցվել է հե՛նց Իրանի տարածքում՝ Իրանի օդային տարածքի սահմանները խախտելուց հետո։

Կանցնի որոշակի ժամանակ, որից հետո Թրամփի վարչակազմը ստիպված կլինի «ծնկի իջնել», ինչպես 2011 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստիպված եղավ խոստովանել ԱՄՆ-ի «RQ-170 Sentinel» անօդաչու սարքով օդային տարածք խախտելու մասին:

Այն ժամանակ մեկ շաբաթ շարունակ ամերիկացիները հերքում էին «RQ-170 Sentinel» անօդաչու սարքի կորուստի մասին շրջանառվող լուրերը, սակայն 2011թ. դեկտեմբերի 12-ին Օբաման հատուկ կոչով խնդրում էր Իրանին վերադարձնել այն ժամանակների համար գերգաղտնի ամերիկյան անօդաչու սարքը։ Թեհրանը, իհարկե, մերժել է, իրանական ինժեներները սարքը հիմնովին ապամոնտաժել են և արդյունքում «RQ-170 Sentinel»-ի հիման վրա ստեղծել ավելի կատարյալ իրանական անօդաչու սարք:

Որոշակիորեն ինչին էր հետևում «RQ-170 Sentinel»-ը՝ Իրանի արևելքում, մինչև այսօր հայտնի չէ: Դրաք կարող էին լինել՝ ինչպես միջուկային օբյեկտներ, այնպես էլ ՀՀՊ/ՀՕՊ միջոցներ։

2011թ․ բոլորին հետաքրքրում էր այն հարցը, թե իրանցիներին ինչպե՞ս հաջողվեց ձեռք բերել այդ գերգաղտնի հետախուզական անօդաչու սարքը: Թեհրանի վարկածով,   իրանական զորքերը նախ հայտնաբերել են ռադիոլոկացիոն սարքավորումներից հատուկ պաշտպանիչ ծածկույթով պաշտպանված սարքը,  այնուհետև, բառացիորեն վերցրել վերահսկողության տակ  և ստիպել վայրէջք կատարել:

2019թ. հունիսին, ինչպես տեսնում ենք, իրանցիները նախընտրեցին «գլուխները չցավացնել» և խոցեցին «RQ-4 Global Hawk» անօդաչու սարքը: Կասկած չունեմ, որ ԻՀՊԿ-ն այս սարքը խոցել է իր տարածքի վրա գտնվելու ժամանակ։ Իրանցիները չափազանց զգուշավոր են այս հարցում և պատրաստ են ագրեսիայի համար հրապարակայնորեն մեղադրել ԱՄՆ-ին և միջազգային հանրությունից պահանջել պատժել Վաշինգտոնին:

Հենց անհերքելի ապացույցների առկայությունն ստիպեց Օբամային 2011թ. դեկտեմբերին մեկշաբաթյա խորհրդակցությունից հետո Իրանից խաղաղություն խնդրել, և կարգավորել իրավիճակը «RQ-170 Sentinel»-ի հետ կապված: Չնայած, հաշվի առնելով այն, որ ամեն ինչ աշխարհագրորեն տեղի է ունենում Հորմուզի նեղուցի կամ նույնիսկ Պարսից ծոցի ջրային տարածքի վրա, չեմ բացառում, որ իրանցիները խոցել են «RQ-4 Global Hawk»-ի ռազմածովային տարբերակը՝«MQ-4C Triton» մակնիշի անօդաչու սարքը: Այսպես, թե այնպես, իրանական կողմն արդեն աշխարհին ցույց է տվել խոցված անօդաչու սարքի բեկորները:

Ցանկանում եմ հասկանալ Թրամփի և Իրանի հետ հակամարտության ամերիկյան կողմնակիցների տրամաբանությունը, բայց ցավոք՝ չի հաջողվում: Թրամփը ուղղակիորեն ձգտում է կոշտ պատասխան ստանալ Իրանի կողմից, Վաշինգտոնը սադրում է նաև Ռուսաստանին ու Չինաստանին:

Զուգահեռաբար, Թրամփը սպառնում է Թուրքիային պատժամիջոցներով՝ Անկարայի կողմից ռուսական Ս-400 ԶՀՀ-ի գնման պատճառով:

Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ը Իրանի օդային տարածքի խախտմամբ սադրանք իրականացրեց  այն ժամանակ, երբ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի (ԱԱԳԽ) քարտուղար ծովակալ Ալի Շամխանին պաշտոնական այցով գտնվում էր Մոսկվայում: Կարող եմ սխալվել, բայց չեմ բացառում, որ ծովակալ Շամխանիի զրուցակիցները և անձամբ նա նույնպես քաջատեղյակ էին, թե ինչ էր կատարվում Իրանի օդային տարածքում: Միայն մեկ բան կասեմ. իրանա-ամերիկյան հարաբերությունների իրավիճակին անդրադարձ է եղել նաև հունիսի 20-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ուղիղ կապում»:

Ներկայացնում եմ Ռուսաստանի նախագահի պատասխանը՝ գրեթե առանց կրճատումների. «ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը առնվազն աղետալի կլինի տարածաշրջանի համար, քանի որ դա կարող է հանգեցնել բռնության աճի և, թերևս, տարածաշրջանի փախստականների թվի ավելացմանը: Նրանց համար, ովքեր այսպիսի փորձեր կձեռնարկեին, դա նույնպես կարող էր ունենալ դժբախտ հետևանքներ, քանի որ շատ դժվար է հաշվարկել, թե ինչ է տեղի ունենալու ռազմական ուժի կիրառման դեպքում: Իրանը շիիթական երկիր է, նույնիսկ իսլամական աշխարհում կարծում են, որ շիիթները կարող են ծայրահեղ միջոցներ ձեռնարկել, եթե դա անհրաժեշտ է իրենց ու  սեփական երկրի պաշտպանության համար: Եվ ոչ ոք  չգիտի, թե ինչի՞ կարող են հանգեցնել այդ ծայրահեղությունները և դրանք ո՞ւմ կվնասեն, դժվար է ասել։  Ես չէի ցանկանա, որ իրադարձություններն այդ սցենարով զարգանային»:

Ամփոփենք. եթե նույնիսկ Ռուսաստանը չի ցանկանում  իրադարձությունների նման զարգացում, ապա մենք Հայաստանում, առավելևս, չպետք է ցանկանանք, անկախ նրանից, թե ի՞նչ «կողմնորոշում» ունի երկրի կառավարությունը: Ամերիկացիներն արդեն Իրանից ստացել են «քանոնով հարված՝ ձեռքներին»: Եթե ​​ԱՄՆ-ը չսթափվի, ապա հաջորդ անգամ Իրանը «շրխկացնելու է ամերիկյան զինվորականների քթին»։

Սերգեյ Շաքարյանց