Մահացել է Կարինե Աշուղյանը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ մահացել է Կարինե Աշուղյանը։

«Տաղանդավոր, բարի, ջերմ ու քնքուշ Կարինեն։ Երրորդ անգամ ես փակեցի իմ սիրելի մարդկանց աչքերը։ Հայրիկինս, Սամվելինս ու հիմա Կարինեի աչքերը։ Ցավը անտանելի է»,-գրում է պատգամավորը։

LIVEnews.am-ի խմբագրակազմը խորապես ցավակցում է Կարինեի հարազատներին և ընկերներին՝ ծանր կորստի առիթով։

Հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Հայաստանի գրողների միության անդամ Կարինե Աշուղյանը ծնվել է 1962 թվականին, Արարատի մարզի Տափերական գյուղում։ Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ‎ֆակուլտետը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ասպիրանտուրան, աշխատել է նույն ինստիտուտում՝ որպես հայ փիլիսոփայության պատմության բաժնի կրտսեր գիտաշխատող:

Եղել է «Արարատ» մարզային թերթի խմբագիրը (1998-2008), աշխատել է ՀՀ ՊՆ «Զինվոր» պաշտոնաթերթում, ինչպես նաև տարբեր լրատվամիջոցներում՝ որպես լրագրող։ Գիտական և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների հեղինակ է։

Խմբագրել է «Գրական տապան» միջազգային գրական փառատոնի ամենամյա մի քանի ժողովածուներ, տարբեր հեղինակների գրքերի գեղարվեստական խմբագիրն է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով՝ ռուսերեն, պարսկերեն, հոլանդերեն, լեհերեն, անգլերեն, թուրքերեն։

«Հմայիլներ» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Պարույր Սևակի մրցանակի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալով, արժանացել է Պաշտպանության նախարարության և ՀԳՄ համատեղ ամենամյա մրցանակին։

Կարինե Աշուղյանը մահացավ։ Տաղանդավոր, բարի, ջերմ ու քնքուշ Կարինեն։ Երրորդ անգամ ես փակեցի իմ սիրելի մարդկանց աչքերը։ Հայրիկինս, Սամվելինս ու հիմա Կարինեի աչքերը։ Ցավը անտանելի է։

Опубликовано Naira Zohrabyan Суббота, 22 июня 2019 г.