Պաշտոնյաների վարորդները նույնպես ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ են թույլ տալիս (տեսանյութ)

Այս տարվա հունվար-մայիս ժամանակահատվածում տեղի ունեցած ՃՏՊ-ների թիվն ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչը բավականին մտահոգիչ է։ 2018թ․ հունվար-մայիսին գրանցվել է 1362 պատահար, ունեցել ենք 114 զոհ, 1976 վիրավոր, 86 պատահարների պատճառը ոչ սթափ վիճակում մեքենա վարելն է եղել, ինչի հետևանքով ունեցել ենք 18 զոհ, 135 վիրավոր: 2019թ․ հունվարին ՃՏՊ-ների թիվն ավելացել է 301-ով՝ հասնելով 1663-ի, զոհերի թիվը ևս աճել է, ունեցել ենք 122 զոհ և 2413 վիրավոր։ 39 ՃՏՊ-ների պատճառը եղել է ոչ սթափ վիճակում մեքենայի ղեկի առջև նստելը, ինչի հետևանքով եղել է 4 զոհ, 59 վիրավոր:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր, Ճանապարհային ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը LIVEnews.am-ի հետ զրույցում ասաց, որ ՃՏՊ-ների և դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թվի աճը մեզանում նկատվել է դեռ 2017 թվականից, և փաստորեն առայժմ աճի միտումը պահպանվում է։ Դա, ըստ նրա, համընկավ մեծ թվով տեսախցիկների, արագաչափերի տեղադրման հետ, ինչը Սերգեյ Ղահրամանյանը համարում է այդ սարքերի միջոցով երթևեկությունը վերահսկելու նկատմամբ վարորդների ընդվզման հետևանք՝ արհամարհելու, անտեսելու և խախտումներ անելու միջոցով։ Չի բացառվում նաև, որ նրանք պարզապես սովորեցին այդ տեսասարքերի առկայությանը՝այլևս ուշադրություն չդարձնելով դրանց, և ինչպես նախկինում էին խախտում, շարունակեցին մեքենան վարել նույն սկզբունքով։

Մանրամասները՝ տեսանյութում