Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանը:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, քննարկվել է խաղերի նախապատրաստական և կազմակերպական աշխատանքների իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Երկրի ղեկավարը կարևորել է Համահայկական խաղերի նշանակությունը Արցախի մարզամշակութային կյանքում և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը Համահայկական խաղերն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք: