Ո՞նց կարելի է, վաղը մեկ ուրիշը ոտքի կկանգնի ու կասի՝ ես եմ վարչապետը, բա Նիկոլին ո՞ւր ուղարկենք (տեսանյութ)

«Մեր առաջին սխալն այն է, երբ ԱՄՆ-ը արտաբերում է «գրավյալ տարածքներ» ձևակերպումը՝ մենք չենք ընդդիմանում ու չգիտեմ, թե ինչու։ Երկրորդ սխալը, ես չգիտեմ, թե բոլթոնյան ծրագիր ասվածն ինչպե՞ս պետք է իրականացվի, ո՞րն է այս ամենի նպատակը, իրո՞ք խաղաղության հաստատումն է, իրո՞ք պատերազմին վերջ տալն է, իրո՞ք այս տարածաշրջանում նորմալ ապրելն է»,- LIVEnews.am-ի «Մենք» հաղորդաշարի եթերում ասաց քաղաքական գործիչ, ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով երեկ Վաշինգտոնում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

Գ․Եղիազարյանն ուշադրություն հրավիրեց տարածաշրջանում տեղի ունեցող իրողությունների վրա․ «Տեսեք, թե երբ է իրագործվում Բոլթոնի պլանը, ե՞րբ է նա սկսում ի հայտ գալ, երբ սրվում են ԱՄՆ-Իրան հարաբերությունները, պատերազմի սկսման մասին խոսակցություններ են գնում։ Բոլթոնն ակտիվանում է այն ժամանակ, երբ Թուրքիան ու Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում, Արցախի սահմանին ազերիներն են զորավարժություններ կազմակերպում։ Այս ամենը լավ բանի մասին չի խոսում»։

Ըստ Եղիազարյանի․«Մենք քարշ ենք գալիս երևույթների հետևից, մինչդեռ պետք է գնանք երևույթների առջևից ու ձևավորենք մեր օրակարգը։ Բայց հիմա օրակարգի տերը պարոն Բոլթոնն է»։

Ի՞նչ է մեզ պարտադրելու ամերիկյան կողմը հարցին պատասխանեց․ «Ասելու են՝ դուրս եկեք «գրավյալ տարածքներից», նրանց համար մեր հայրենիքը գրավյալ տարածք է»։ Բոլթոնը երբ ասում է «գրավյալ տարածքներ»՝ նշանակում է, որ նա խոսում է ադրբեջանական կողմի լեզվով, Եղիազարյանը հիշեցրեց՝ ի վերջո, «Բոլթոնը Թուրքիայի բարեկամն է, իսկ դա կնշանակի, որ փոքր եղբոր բարեկամն է»։

Երեկ աննախադեպ իրավիճակ ստեղծվեց, երբ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելու երդման ժամանակ հայտարարեց, թե ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը: Ասենք, որ անգամ Իոննիսյանն էր մնացել զարմացած, հիշեցնելով, որ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի լեգիտիմ նախագահն է:

Կատարվածից վրդովված՝ Գուրգեն Եղիազարյանը նկատեց․ «Նման հայտարարություն է արվում խորհրդարանում, ու ոչ ոք չի ասում՝ մի րոպե սպասի, այ, ընկեր, ի՞նչ ես հայտարարում, դու քեզ ՍԴ նախագահի պաշտո՞ն ես շնորհում։ Ո՞նց կարելի է, վաղը մեկ ուրիշը ոտքի կկանգնի ու կասի՝ ես եմ վարչապետը, բա ո՞նց անենք, Նիկոլին ո՞ւր ուղարկենք»։

Մանրամասները՝ տեսանյութում