Սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու մեր ձգտումը չմեկնաբանել որպես թուլություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն պետք է լինի բռնությունից զերծ հանրություն, մի հանրություն, որտեղ տեղ չունեն բռնությունով հարցեր լուծելու որևէ մտայնություն, որևէ փորձ, որևէ քարոզչություն: Այս մասին այսօր Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն կատարած այցի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պատկերացումը մենք ամեն օր հետևողական աշխատանքով կյանքի ենք կոչում և կյանքի ենք կոչելու: Բայց այս դեպքում էլ, կարծես, ՀՀ-ում սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու մեր անմնացորդ ձգտումը ոմանք կարծես փորձ են անում մեկնաբանել, որպես թուլություն: Այսօր այստեղ ուզում եմ հստակ հայտարարել՝ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե ՀՀ կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կամ կամքի պակաս կունենա ՀՀ-ում սահմանադրական կարգը, քաղաքացիների կամքը, ինքնիշխանությունը, ՀՀ քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում: Մեր կամքը չի սասանվի ու մեր ձեռքը չի դողա բոլոր նրանց հետ հարաբերություններում, ովքեր կփորձեն ՀՀ-ում վերածնել բռնության քարոզչությունը և գործելակերպը»,-ընդգծել է  վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ նույն պատկերացումները վերաբերում են նաև մեր արտաքին սահմաններին՝ Արցախի, Հայաստանի անվտանգության պաշտպանության առումով, և մենք կողմնակից ենք տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն հաստատելուն:

«Բայց եթե կլինեն ուժեր, որ մեր այս մղումը կփորձեն մեկնաբանել որպես թուլության դրսևորում, ապա բոլորը կստանան մեր հավաքական կամքի, ուժի վճռական հակահարվածը, և այդ հակահարվածը կհեղինակեն նաև Ոստիկանության զորքերի այն ծառայողները, ովքեր այսօր ամուր կանգնած են ՀՀ-ի և հայ ժողովրդի անվտանգության ամուր պաշտպանության դիրքերում: Մեր կամքը վճռական է, մենք ամուր կանգնած ենք մեր հայրենիքի, մեր հողի վրա, և որևէ թշնամի՝ ներքին, թե արտաքին, չի կարող սասանել մեր միասնությունը: Եվ ՀՀ-ի բոլոր թշնամիներին սպասում է միանշանակ և անվերապահ պարտություն»,-շեշտել է նա: