Աբեին Թեհրան ուղարկելով` ԱՄՆ-ը փորձեց խարխլել իրանա-ճապոնական հարաբերությունները

Ամբողջ աշխարհը հունիսի 12-14-ը շունչ պահած հետևում էր Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի՝ Իրան կատարած չափազանց կարևոր նշանակության այցին Իրան։ Հեռավորարևելյան պետության ղեկավարի ընդունելությունը Թեհրանում կազմակերպվեց շատ բարձր մակարդակով։

Ճապոնիան Իրանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է արդեն 70 տարուց ավելի, և, բնականաբար, իրանցիները չէին ցանկանում ինչ-որ բանով մթագնել Աբեի ներկայությունը իրանական հողում:

Մի խոսքով, ճապոնացի վարչապետին հասցեագրված էին ամենաջերմ  հաճոյախոսությունները։ Աբեն հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին, Ճապոնիան վերսկսում է իր առևտուրը Իրանի հետ: Այդ թվում վերսկսում է նաև իրանական նավթի ու գազի գնումները: Այս հայտարարությունն ինքնին արդեն Թեհրանում իրանա-ճապոնական բանակցությունների լուրջ ձեռքբերում է: Ի վերջո, Աբեի այցը դարձավ վերջին 40 տարիների ընթացքում Ճապոնիայի ղեկավարի առաջին այցն Իրան:

Սակայն բոլորը գիտեին, որ Աբեի այցի հիմնական նպատակը միջնորդությունն էր, որպեսզի «Իրանի գերագույն առաջնորդը զանգահարեր Դոնալդ Թրամփին»:

Այդ իսկ պատճառով աշխարհը հատուկ ուշադրություն էր դարձնում հունիսի 13-ի իրադարձություններին, մասնավորաբար, երբ Աբեին անձամբ ընդունեց Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ, այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին:

Ճապոնական առաջնորդին ուղեկցում էր ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին: Զրույցը չափազանց հետաքրքիր էր: Զրույցի մանրամասներին անդրադարձան գրեթե բոլոր իրանական ԶԼՄ-ները, սկսած IRNA, IRIB և այլ պետական գործակալություններից:

«Mehr News» գործակալությունը ներկայացրել է Այաթոլլա Խամենեիի և վարչապետ Աբեի հետ բանակցությունների հիմնական մեսիջները։ Այսպես․ վարչապետ Աբեն ասել է. «Ես այստեղ եմ, որպեսզի փոխանցեմ Թրամփի ուղերձը», ինչին իսլամական հեղափոխության առաջնորդը պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ Թրամփը արժանի է հաղորդագրությունների փոխանակման, և ես նրա համար պատասխան չունեմ: Մենք չենք բանակցելու ԱՄՆ-ի հետ»: Ճապոնիայի վարչապետի խոսքերով, Թրամփը նրան փոխանցել է հետևյալը. «Միացյալ Նահանգները չի ցանկանում ԻԻՀ-ում ռեժիմի փոփոխություն իրականացնել»: Սրան էլ այաթոլլա Խամենեին պատասխանել է. «Մեր խնդիրը Միացյալ Նահանգների հետ ռեժիմի փոփոխության մեջ չէ, քանի որ նույնիսկ եթե նրանք մտադիր են շարունակել, չեն կարողանա հասնել դրան, ճիշտ այնպես, ինչպես վերջին 40 տարիների ընթացքում ԱՄՆ նախկին նախագահներն են փորձել ոչնչացնել Իրանի Իսլամական Հանրապետությունը և ձախողվել են: Այն, ինչ ասում է Թրամփը, թե ռեժիմի փոփոխություն չի ուզում՝ սուտ է: Եթե ​​նա կարողանար՝ կաներ: Սակայն նա ի վիճակի չէ դա անել»:

Հայաստանում շատերը փորձում են մեզ հավատացնել, թե «Ամերիկայի դեմ խաղ չկա», այն էլ դեռ 1991թ. աշնանից ի վեր: Այաթոլլա Խամենեիի պատասխանները հստակ վկայում են, որ մեր հարևան Իրանը չի վախենում ԱՄՆ-ից, խուճապի չի մատնվում, այլ ընդհակառակը, հպարտորեն ապացուցում է աշխարհին, որ աշխարհի գլխավոր հանցավոր պետությունն այսօր ավելի թույլ է, քան երբևէ:

Ուշադրություն դարձնենք հետևյալ հանգամանքի վրա․պատասխանելով Ճապոնիայի վարչապետի նկատողություններին՝ Իրանի միջուկային հարցի շուրջ Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ Վաշինգտոնի խնդրանքին, այաթոլլահ Խամենեին ասել է. «Իրանը շուրջ 5-6 տարվա ընթացքում բանակցում էր ԱՄՆ-ի և եվրոպացիների հետ (5+1), ինչը հանգեցրել է համաձայնության: Սակայն ԱՄՆ-ը անտեսեց և խախտեց այդ որոշակի համաձայնությունը: Այսպիսով, արդյո՞ք առողջ դատողությունը թույլ կտար վերստին բանակցել մի պետության հետ, որը դեն նետեց այն ամենը, ինչ համաձայնեցված էր»:

Հեղափոխության առաջնորդը կրկին մեջբերեց հենց Ճապոնիայի վարչապետի՝ Իրանի միջուկային զենքի ստեղծմանը խոչընդոտելու վերաբերյալ  ԱՄՆ-ի որոշումն ու  հավելեց. «Մենք դեմ ենք միջուկային զենքի ստեղծմանը և մենք թողարկելու ենք միջուկային զենքի ստեղծումը արգելող կրոնական ֆեթվա (վճիռ): Բայց համոզված եղեք, եթե մենք ցանկանայինք ստեղծել միջուկային զենք, ԱՄՆ չէր կարողանա ոչինչ անել դրա դեմ, ամերիկյան արգելքը խոչընդոտ չէր կարող հանդիսանալ: Միացյալ Նահանգները որևէ իրավասություն չունի խոսելու այն մասին, թե ո՞ր երկիրը կարող է կամ չի կարող ունենա միջուկային զենք: Քանի որ ԱՄՆ-ը ունի զինանոցներ՝ հազարավոր միջուկային մարտագլխիկներով»: Մատնանշելով Ճապոնիայի վարչապետի՝ Իրանի հետ իրական բանակցություններ վարելու ԱՄՆ պատրաստակամությունը, այաթոլլա Խամենեին պարոն Աբեին ասել է. «Մենք ընդհանրապես չենք հավատում դրան: Քանի որ իրական բանակցությունները չեն կարող գալ Թրամփի կողմից: ԱՄՆ պաշտոնյաների մոտ ազնվությունը հազվադեպ հանդիպող երևույթ է»:

Իմ կարծիքով, զրույցի ամենաազդեցիկ մասը վերջաբանն է: Այաթոլլա Խամենեին շարունակում է. «ԱՄՆ նախագահը մի քանի օր առաջ հանդիպել և բանակցել է ձեզ հետ, այդ թվում` Իրանի մասին: Սակայն Ճապոնիայից վերադառնալուց հետո նա անմիջապես նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթաքիմիական արդյունաբերության դեմ: Արդյո՞ք դա ազնվության ուղերձ է: Արդյոք շոու չէ՞, իբրև ցանկանում է ազնիվ բանակցություններ վարել: Միջուկային համաձայնագրի կնքումից հետո առաջինը, ով անմիջապես խախտեց Համատեղ Համապարփակ Գործողությունների Նախագծի (JCPOA) իրականացումը, պարոն Օբաման էր, և նա նույնպես խնդրել էր ուղիղ բանակցություններ վարել Իրանի հետ, նույնպես միջնորդ է ուղարկել: Սա ԱՄՆ-ի հերթական քայլն է, վստահ եղեք, պարոն Աբե, որ մեր փորձը թույլ չի տա կրկնել  նախկինում եղածը: Աստծո ուժով մենք շարունակելու ենք զարգանալ առանց ԱՄՆ-ի հետ բանակցությունների և անգամ պատժամիջոցների առկայության պարագայում»:

Իսկ, այ, Աբեի առաջարկը՝ ընդլայնել Ճապոնիայի և Իրանի միջև հարաբերությունները, Գերագույն առաջնորդը միանշանակ ողջունեց: Աբեն շտապեց համաձայնել այաթոլլայի հետ, նկատելով՝ «Այո, Դուք ճիշտ եք, ամերիկացիները միշտ ցանկացել են իրենց համոզմունքներն ու տեսակետները պարտադրել այլ երկրների»։ Ի պատասխան՝ Խամենեին ասել է. «Լավ է, որ դուք ընդունում եք այս փաստը, և դուք պետք է նաև իմանաք, որ ամերիկացիները իրենց տեսակետները պարտադրելու որևէ սահմանափակում չեն պահպանում»:

Այդ ամենից հետո  Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիհիդե Սուգան հայտարարեց. «Ճապոնիան  մտադիր է առավելագույն դերակատարում ունենալ Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման հարցում, սակայն մենք մտադիր չենք միջնորդ հանդիսանալ Իրանի և ԱՄՆ-ի միջև»:

Ի դեպ, Աբեի՝ Իրանում եղած օրերին, ինչ-որ անհայտ ուժեր Պարսից ծոցի մոտերքում հարձակվել էին երկու լցանավերի վրա, մեկը՝ ճապոնական, մյուսը՝ Պանամայի դրոշի ներքո հանդես եկող։ Կատարվածը կապվում է Ճապոնիայի հետ: Հարձակում իրականացրած ուժերն իրականում ահաբեկչություններ էին: Սակայն ԱՄՆ և Անգլիան լցանավերի վրա հարձակման համար անմիջապես մեղադրեցին Իրանին, չնայած այն հանգամանքին, որ հենց իրանական ԻՀՊԿ-ի նավաստիներն էին փրկում երկու անձնակազմերին: ԱՄՆ և Անգլիան նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով փորձել են աշխարհին նոր օրակարգ պարտադրել`իբրև թե Իրանից «ահաբեկչական սպառնալիք է բխում»: Սակայն ամերիկացիներին ու անգլիացիներին շփոթեցրեց այն հանգամանքը, որ ահաբեկչություններն իրականացվել են հե՛նց Թեհրանում անցկացված Աբեի բանակցությունների ժամանակ,  երբ Ճապոնիայի վարչապետը հայտարարել էր Տոկիոյի մտադրությունը Իրանի հետ առևտրի վերսկսման մասին:

Աշխարհի լրատվամիջոցները  գրում են, որ այդ ահաբեկչություններն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ձեռքի գործն է և դա «Ճապոնիայի նախազգուշացումն էր»: Հունիսի 14-ից ճապոնական կառավարությունը հայտարարել է, որ չի հավատում Վաշինգտոնի պնդումներին և ԱՄՆ-ից պահանջում է «ավելի կոնկրետ ապացույցներ»: Մինչդեռ ԱՄՆ-ը չունի այդպիսիք: Փոխարենը, հունիսի 17-ին Իրանի նախկին դեսպան և ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համիդ Ռեզա Ասեֆին «Tasnim News» գործակալությանը հայտարարել է, որ Աբեի Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում Պարսից ծոցի հարևանությամբ իրականացվել է դիվերսիոն գործողություն, որի նպատակն էր մթագնել այցը և այդ պատահարի համար մեղադրել Իրանին: Ասեֆին ահաբեկչության մեջ մեղադրանք է ներկայացրել ոչ միայն ԱՄՆ-ին, այլև Իսրայելին: Իսկ ռազմական վերլուծաբան Փեյման Յազդանին «Mehr News» գործակալությանը փոխանցել է, որ ԻՀՊԿ-ի զինծառայողները լցանավի պայթյուններից առաջ գրանցել են երկու անօդաչու սարք: Իհարկե, սա Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հերթական արկածախնդրության տապալումն է: Սակայն դրա արդյունքում տարածաշրջանն էլ ավելի անհանգիստ է դարձել:

Սերգեյ Շաքարյանց