Ինչո՞ւ է «Քարահունջի» ցուցանակից հանվել Հերունու անունն ու հուշարձանի աստղադիտարան լինելու փաստը, ովքե՞ր են պատվիրատուները (տեսանյութ, լուսանկար)

Հունիսի 8-ին ««Քարահունջի» պահպանման քաղաքացիական շարժման» մի խումբ անդամներ, պատմամշակութային կոթողի մասին մտահոգությամբ, այցելել էին «Քարահունջ» աստղադիտարան, որպեսզի հետևեին այնտեղ իրականացվող պեղումների ընթացքին ու հետևանքներին: Շարժման անդամների հավաստմամբ՝ պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանի ղեկավարությամբ 2005-ից «Քարահունջում» սկսված պեղումները տևական ժամանակ իրականացվել են օրենքների կոպիտ խախտումներով և հուշարձանը արժեզրկելու, հեղինակազրկելու միտումով: Մասնավորապես բացահայտորեն խախտվել են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ-ի կողմից վավերացված «Հնագիտական ժառանգության պահպանության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթների, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու  մասին» ՀՀ կառավարության 20.04.2002թ. թիվ 438 որոշման մի շարք հոդվածներ և կանոններ:

 

Ինչո՞ւ է «Քարահունջի» մասին տեղեկություն պարունակող ցուցանակի կազմումը վստահվել միջազգային կազմակերպություններին

LIVEnews.am-ը մի քանի հրապարակումներով ու հաղորդումներով նախկինում անդրադարձել է այս թեմային, բարձրաձայնել «Քարահունջի»  ճակատագրով մտահոգ մասնագետների ու քաղաքացիների տեսակետներն ու ահազանգերը։ «Քարահունջի» պահպանման քաղաքացիական շարժման» անդամների մտահոգությունն այն է, որ միտումնավոր քայլեր են ձեռնարկվում՝ հերքելու պատմական հուշարձանի 7500 տարվա վաղեմության աստղադիտարան լինելու փաստը, ինչն անգամ հաստատվել է 11.08.2004 թ․ կառավարության կայացրած և նախագահի կողմից ստորագրված որոշմամբ: Փոխարենը փորձ է արվում հուշարձանը և դրա տարածքը ներկայացնել ընդամենը որպես 3000-ամյա դամբարան։

Եվ այս արշավի ժամանակ էլ շարժման անդամների մտահոգությունները հաստատվեցին․ այն, որ աստղադիտարանի դեմ ակնհայտ ոտնձգություն է իրականացվում, երևում է հենց հուշարձանի մուտքի մոտ տեղադրված և հուշարձանի մասին տեղեկություն պարունակող ցուցավահանակից, որի բովանդակության մեջ խոսք չկա հուշարձանի՝ աստղադիտարան լինելու մասին, չնայած այն հանգամանքին, որ համաձայն ՀՀ կառավարության 2004թ․ հուլիսի 29-ի N 1095-Ն որոշման՝ մեգալիթյան համալիրը անվանվում է «Քարահունջ» աստղադիտարան: Ցուցանակի բովանդակության մեջ նշված է, որ «Զորաց քարեր» հուշարձանն ուսումնասիրել են Ե․ Լալայանը, Ս․ Լիսիցյանը, Մ․ Ս․ Հասրաթյանը, Վ․ Հարությունյանը, Ստ․Եսայանը և ուրիշներ։ Եվ անգամ ակնարկ չկա տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ և ՀՃԱ ակադեմիկոս, Էկոլոգիական և կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀՏԱ ակադեմիկոս, գրեթե 340 գիտական աշխատությունների հեղինակ ու բազմաթիվ միջազգային պարգևների և շքանշանների արժանացած գիտնական, ռադիոֆիզիկոս  և ռադիոաստղագետ, լուսահոգի Պարիս Հերունու մասին, որի կողմից  չորս տարբեր, միմյանցից անկախ մեթոդներով հաստատվել է, որ «Քարահունջն»  աստղադիտարան է: Ի դեպ, այդ մասին ևս լռում է «դավադիր» ցուցանակը՝ միայն տեղեկացնելով, որ «20-րդ դ․ 30-ական թթ․ «Զորաց քարերի» տարածքում պատահաբար բացված դամբարանում հայտնաբերվել են 2-րդ հազարամյակի առաջին քառորդի միջին բրոնզի  շրջափուլին վերաբերող հնագիտական նյութեր», ինչն էլ հիմք է դարձել փաստելու, որ այդ տարածքը կուր-արաքսյան մշակույթին պատկանող բնակավայր է և միջին բրոնզեդարյան դամբարանադաշտ։ Նկարագրված են նաև մեգալիթները՝ որպես մենաքարեր, բայց նշված չէ, որ դրանց ամբողջությունը դիտարկվել է որպես աստղադիտարան։ Եվ հարց է առաջանում, եթե որևէ դիտումնավորություն չկա, և եթե իսկապես Աշոտ Փիլիպոսյանն ու իր համախոհները միտումնավորություն չունեն «Քարահունջի»  աստղադիտարան լինելու փաստն աղավաղելու, այդ դեպքում ինչո՞ւ է հուշարձանի ցուցանակի տեղեկությունը կիսատ-պռատ, և հատկապես կրճատված են այն հատվածները, որոնք վերաբերում են մեգալիթների՝ աստղադիտարան լինելու փաստին, Պարիս Հերունու ուսումնասիրություններին, Կառավարության որոշմանը։

Ընդ որում, ցուցանակի մեջ նշված է, որ այդ տեղեկությունը տրամադրել է մշակույթի նախարարությունը, իսկ հրատարակությունը պատրաստել է ոչ այս, ոչ այն՝ ԵՄ և Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով, ու թեև ցուցանակի վրա գրված է, թե  հրատարակության բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԵՄ, ԱՄՆ ՄԶԳ և ԱՄՆ կառավարության տեսակետները, սակայն այնպիսի տպավորություն է, որ ցուցանակի տեքստը գրվել է՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է սկզբունքով, և կամ էլ մեր մշակույթի նախարարությունն է ակնհայտ ոչ հայանպաստ քաղաքականություն վարում և ոչ հավաստի տեղեկություններ տարածում։

Աշոտ Փիլիպոսյանը չի ապացուցել, որ «Քարահունջը» 7500-ամյա աստղադիտարան չէ, բայց իր տեսակետը որպես փաստ է ներկայացնում  

Նշենք, որ խնդրահարույց ցուցանակի վրա նշված է նաև, որ Զորաց քարերը մանրազնին հետազոտման  ու գիտական մեկնաբանման կարիք ունեն։ Հնարավոր է՝ հետագա պեղումները բացահայտեն հնավայրում ավելի վաղ և ուշ շրջանների նյութական արժեքների գոյությունը ևս։ Եվ իսկապես, Աշոտ Փիլիպոսյանն ու իր արշավախումբը որևէ ձևով չեն ապացուցել, որ «Քարահունջի»  աստղադիտարան լինելու փաստն անհիմն է և չեն հիմնավորել իրենց ներկայացրած կամ հավանաբար պարտադրված տեսակետը, թե իբրև այդ տարածքը միմիայն դամբարանադաշտ է, նաև զինվորականների գերեզմանոց։ Ու չնայած դրան, արդեն իսկ ընթերցողին ու այցելուին կարծիք է պարտադրվել՝ «Քարահունջ», «Զորաց քարերի» մասին ուղղորդված ու սահմանափակ տեղեկություն տրամադրելով։

Շարժման անդամ Նանա Հերունին, որը նաև Պարիս Հերունու դուստրն է և սրտացավորեն է վերաբերվում «Քարահունջի» ու հայկական պատմամշակութային կոթողների, նրանց ծագման, պատմության աղավաղման հետ կապված ցանկացած խնդրի, մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք պահանջելու են, որպեսզի պատկան մարմինները, մասնավորապես մեր երկրի մշակույթի ու մշակութային քաղաքականության համար պատասխանատու կառույցը,  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ցուցանակի վրա նշեն հուշարձանի աստղադիտական նշանակությունը, ինչպես նաև պրոֆեսոր, ակադեմիկոս Պարիս Հերունու անունը: Ընդ որում,  հայ և համաշխարհային մի շարք  հայտնի գիտնականներ՝ գիտությունների դոկտոր, շվեյցարացի Հ. Պ. Կլայները, Եվրասիական աստղագիտական միության նախագահ Ն. Բոչկարյովը, հնագույն քաղաքակրթությունների աշխարհահռչակ հետազոտող Գրահամ Հենկոկը, մեգալիթային համալիրների հայտնի մասնագետ պրոֆեսոր Ջերալդ Հոկինսը, Նովոսիբիրսկի աստղագիտության գեոդեզիայի ակադեմիայի ավագ դասախոս Ելենա Գիենկոն, հնագետ, անկախ փորձագետ Օ. Խնկիկյանը, մաթեմատիկոս, կենսակիբերնետիկ և կենսաբանական գիտությունների թեկնածու Վ. Վահրադյանը, անկախ փորձագետ-հետազոտող Վ. Գևորգյանը,  Օքսֆորդի համալսարանի և Մեծ Բրիտանիայի Թագավորական Աշխարհագրական ընկերության գիտաշխատողներ և շատ այլ գիտնականներ վերահաստատել են Պ. Հերունու տեսությունը «Քարահունջի» աստղադիտարան լինելու վերաբերյալ: ՍԱ ևս պետք է ներառվի ցուցանակի բովանդակության մեջ։

Ո՞ւր են կորել «Քարահունջի» մեգալիթյան քարերը

Նանա Հերունին նաև ներկայացրեց, որ ժամանակին Պարիս Հերունին և հնագետ Օնիկ Խնկիկյանը սպիտակ էմալով համարակալել էին «Քարահունջ» աստղադիտարանի 222 մեգալիթները, որոնք աստղադիտական գործիքներ են:
Սակայն վերջին արշավանքի ժամանակ արձանագրել են, որ քարերի մեծ մասի վրա համարակալումը չի երևում։ Ըստ մեր զրուցակցի՝ թվերը ջնջվել են ոչ միայն ժամանակի ազդեցությամբ, այլև արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանի ուղղորդված ջանքերով, որն իր իսկ ընկերների հավաստմամբ՝ տարիներ շարունակ ջնջել է մեգալիթների վրայի թվերը։ Այդ պատճառով խումբը չի կարողացել նույնականացնել բոլոր քարերը՝ համաձայն Հերունու քարտեզի:

Ի դեպ, արշավախմբի անդամների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ աստղադիտարանի որոշ քարեր անհետացել են, ինչի մասին, ի դեպ, նրանք մինչև այդ էլ պնդում էին, բայց հուշարձանի տարածքում պեղումներ իրականացնող հնագետը՝ Աշոտ Փիլիպոսյանը, ամեն անգամ հակադարձում էր, թե պեղումների ժամանակ իրենք քարերն անգամ չեն տեղաշարժել, ուր մնաց որոշ քարեր անհետանային։ Բայց այս անգամ, Նանա Հերունու հավաստմամբ, իրենք արձանագրել են քարերի կորուստը և ոչ միայն, որոշ մեգալիթներ էլ, ըստ նրա, վտանգավորության աստիճանի թեքված են և ամեն պահի կարող են ընկնել ու վնասվել։ Իսկ հուշարձանը ինչ-որ չափով կորցրել է նախնական տեսքը, ինչը կարող է խանգարել գիտական ուսումնասիրություններին, սխալ ուղով տանել գիտնականներին ու հնագետներին, որոնք մտադրություն կունենան շարունակել «Քարահունջի»  առեղծվածի հետազոտությունը, այլ ոչ թե դավադրաբար այն ոչնչացնել։ Ի դեպ, ինչպես նշեց Նանա Հերունին, ցանկացած պատմամշակութային հուշարձան որոշակի վնասվածքներից հետո զրկվում է իր արժեքից և այլևս չի դիտարկվում որպես պահպանվող հուշարձան, և նրա կարծիքով ներկա խումբը, որը պեղումներ է կատարում այդ տարածքում, կարծես թե հենց այդ նպատակն ունի։

Այժմ ««Քարահունջի» պահպանման քաղաքացիական շարժման» անդամները պատրաստվում են ահազանգել հսկողություն իրականացնող պատկան կառույցներին՝ պահանջելով հրատապ կազմակերպել մեգալիթների նույնականացումը և համարների վերականգնումն ու թարմացումը, անցկացնել աշխատանքներ՝ ուղղված վտանգավոր աստիճանի թեքված և պառկած քարերը վերականգնելու, հուշարձանը հնարավորինս սկզբնական տեսքի բերելու համար, օր առաջ կանգնեցնել բարբարոսական «պեղումները»: Այլապես այնպիսի տպավորություն կստեղծվի, որ պատկան գերատեսչությունների ղեկավար անձինք անձնական հետաքրքրվածություն ունեն հայ ազգի հնագույն անգին կոթողներից մեկի և մեր ինքնությունն ապացուցող պատմամշակութային ու գիտական հուշարձանի ոչնչացման և մեգալիթների անհետացման գործընթացում: Չմոռանանք, որ պեղումներն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության միջգերատեսչական հանձնաժողովի թույլտվությամբ, որի անդամ է Աշոտ Փիլիպոսյանը, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ: Այդ կառույցները կամ տեղյակ չեն, թե ինչպես է իրացվում իրենց թույլտվությունն ու ինչ նպատակներով են ծախսվում տրամադրված գումարները, ինչը քիչ հավանական է՝ հաշվի առնելով, որ պեղումներն սկսելու օրվանից այդ մասին ահազանգերի պակաս չի եղել, կամ էլ իսկապես գումարները տրամադրվել են «Քարահունջ»  հնագույն հուշակոթողը հեղինակազրկելու և Հայաստանի պատմության ու մշակույթի համաշխարհային նշանակությունը նսեմացնելու պատվերով։

Թագուհի Ասլանյան