Մնացականյանը Դեյվիդ Հեյլի հետ հանդիպմանն անդրադարձել է Արցախի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանը

Հունիսի 19-ին Վաշինգտոնում կայացել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ:

ՀՀ ԱԳՆ  լրատվական ծառայության տեղեկացմամբ, զրուցակիցները գոհունակությամբ նշել են հայ-ամերիկյան գործընկերային և բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան: Երկուստեք առանձնահատուկ ընդգծվել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարթակի հաստատումը, որը ամուր հիմք է երկկողմ օրակարգի շարունակական հարստացման և ընդլայնման, քաղաքական երկխոսության ամրապնդման համար:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններով պայմանավորված բարեփոխումների ընդգրկուն օրակարգը և այդ ուղղությամբ ընթացող համագործակցությունն առաջ մղելու փոխադարձ պատրաստակամությունը:

Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական հարցեր: Այս համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրել է գլոբալ և տարածաշրջանային գործընկերների հետ  շարունակական համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի անվտանգության օրակարգի ամրապնդմանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը նպաստող ներառական տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի խթանման կարևորությունը:

Զրուցակցի խնդրանքով նախարար Մնացականյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին, այս առնչությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշման և մոտեցումներին, ինչպես նաև հունիսի 20-ին կայանալիք հանդիպման օրակարգում Հայաստանի գերակայություններին: