Ադրբեջանը առավոտից երեկո խոսում է սպառնալիքի լեզվով, ուրեմն որևէ խնդիր չի կարող լուծվել

Վաշինգտոնյան այցին ընդառաջ

 Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանի հետ

Վաշինգտոնում՝ հունիսի 20-ին սպասվում են  Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, ի՞նչ օրակարգով է մեկնել  Հայաստանի պատվիրակությունը։

-Վաշինգտոնում սպասվող հանդիպմանը մենք, իհարկե, մասնակցելու եք հստակ օրակարգով։  Դա այն օրակարգն է, որն առաջ ենք քաշել ի սկզբանե,  ինչի մասին նշվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  վերջին հայտարարության  մեջ։ Խոսքը հումանիտար միջոցառումների և  դրա շրջանակներում փոխվստահության մեխանիզմների խորացման մասին է,  Վիեննայի,  Սանկտ Պետերբուրգի և, ընդհանուր առմամբ, այդ համատեքստում փոխվստահության մեխանիզմների ու դրա ուղղությամբ տարվող աշխատանքների մասին է։ Մենք գնում ենք այդ հստակ օրակարգով, նաև հումանիտար համատեղ միջոցառումների մասին ավելի հստակ քայլեր ձեռնարկելու,  հստակ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակադրմամբ։ Իսկ դա իր մեջ ներառում է հնարավոր  լրագրողական փոխադարձ այցեր՝ ճանաչողական առումով, ինչպես նաև, հարազատների այցելություններ ռազմագերիներին։

– Ի տարբերություն հայկական կողմի մարդասիրական օրակարգի, Ադրբեջանը գնում է խնդրի կարգավորման հարցում առավել մեծ խորքային ակնկալիքներով, ինչի մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։ Իսկ մենք գիտենք, թե ի՞նչ ակնկալիքների մասին է  խոսքը՝ ճնշում գործադրել համանախագահող երկրների վրա և տարածքային ամբողջականության սկզբունքի անվան տակ վերականգնել Ադրբեջանի ԽՍՀՄ սահմանները, իսկ ազգային ինքնորոշման իրավունքի  ճանաչման սկզբունքն իրականացնել՝ Արցախի բնակչության ինքնորոշում Ադրբեջանի կազմում տարբերակով։ Համարժե՞ք է մեր մարդասիրական օրակարգը հակառակորդի  ակնկալիքներին։

-Պետք  է հասկանալ, թե յուրաքանչյուր  կողմն ի՞նչ հատվածից է խնդրին մոտենում։ Մենք ասում ենք մի բան, ինչը բավականին ընկալելի է մեր միջազգային գործընկերների  շրջանում։ Ասում ենք՝ ցանկացած լուծում, որը քննարկվում է, անկախ մեր դիրքորոշումներից, դրանք  չեն աշխատելու, քանի որ հասարակությունները պատրաստ չեն խաղաղության։ Ավելին, Ադրբեջանում տարվող թշնամանքի պայմաններում մենք անընդհատ խոսում ենք չաշխատող լուծումների մասին։ Եվ այժմ հստակ ասում ենք, փոխանակ այդ խնդիրները քննարկելու, եկեք նախ մթնոլորտն առողջացնենք։ Դա Ադրբեջանին նյարդայնացնում է, քանի որ մեր առաջարկն ինքնին  նշանակում է՝ ադրբեջանական կողմը պետք է մեղմի իր ռազմական հռետորաբանությունը, պետք է վերացնի թշնամանքի խոսքը։ Իսկ եթե Ադրբեջանը գնա այդ ճանապարհով, դա հնարավորություն չի  տա երկրում առկա բազմաթիվ խնդիրները բարդել հայերի վրա, ինչն ի հայտ կբերի ներքաղաքական  խնդիրներ։ Սրանով է պայմանավորված նաև Ադրբեջանի ընդդիմանալը։

Ընդհանուր առմամբ, մեր խաղաղության կամ բանակցային գործընթացի կոնցեպտի առաջին քայլը մթնոլորտի առողջացումն է, դրան համար փոխվստահության մեխանիզմների տեղադրումը, երկրորդը,  բանակցային ձևաչափի լիարժեք վերականգնումն է, այսինքն, Արցախի վերադարձ բանակցություններին։ Այս հարցը մենք պնդելու ենք, այն մեր  քաղաքական ուժի, կառավարության ծրագրում հստակ նշված է։ Միայն այս քայլերից հետո մենք կարող ենք անցնել բուն նյութի քննարկմանը։

-Փաստորեն կարո՞ղ ենք արձանագրել, որ իշխանությունը միայն մեկ տարի անց համոզվեց, որ կարևոր են Վիեննայի ու Սանկտ Պետրեբուրգի պայմանավորվածությունները, ու հիմա հարկավոր է ժամ առաջ  կյանքի կոչել նախկին իշխանության օրոք ձեռք բերված պայմանավորվածությունը, մի բան, ինչը  զարմանալիորեն  շրջանցվում էր։

-Իրականում մենք երբևէ այդ հարցը չենք սառեցրել, այն ի սկզբանե եղել է մեր օրակարգում,  խնդիրն այն է, թե ինչպե՞ս է այն դիտարկվում։ ՀՀ ԱԳ նախարարը բազմիցս խոսել է այդ մասին՝ շեշտելով, որ այդ ամենը պետք է դիտարկվի փաթեթային տարբերակով, ի վերջո, ի՞նչ ենք մենք ուզում, չէ՞ որ   մեխանիզմների տարբեր կոմպոնենտներ են քննարկվում։

Եթե Ադրբեջանն ընդունելով կոմպոնենտներից մեկը՝ փորձում է տպավորություն ստեղծել, թե գնում է խնդրի ամբողջական լուծման, մենք դրան չենք համաձանելու։ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում չկան ներկաներ ու նախկիններ, մեր գլխավոր խնդիրն  անվտանգության մեխանիզմների ու դրա հետ կապված պայմանավորվածությունների  իրականացումն է։ Եվ մենք գնում ենք այն իրականացնելու նպատակով։

 -Ակնակալիքներ ունե՞ք վաշինգտոնյան  հանդիպումից, հնարավո՞ր է գտնել ընդհանուր եզրեր, գոնե կանգնեցնել նկատվող էսկալացիան սահմանին։

-Նախ ես այս փուլը կանվանեի երկխոսության փուլ, իմ հիմնական ակնկալիքն ու հույսն այն է, որ կհաջողվի վերականգնել ամիսներ առաջ սահմանին ստեղծված ավելի, համեմատաբար, հանդարտ վիճակը։

Ադրբեջանը փորձում է գնալ լարվածության, հույս ունեմ, որ  մեզ կհաջողվի իրենց ներքաշել ավելի կառուցողական դաշտ ու  գործընթացը շարունակել այդ հարթության մեջ, որքան էլ դա նյարդայնացնում է Ադրբեջանին։

Մենք ի սկզբանե ասել ենք, եթե Ադրբեջանն առավոտից երեկո խոսում է սպառնալիքի լեզվով,  որևէ խնդիր չի  կարող լուծվել։

Կա՛մ շարունակում ենք  քննարկել տարբեր հարցեր, կա՛մ եթե Ադրբեջանը առավոտից երեկո  թմբկահարում է ռազմական  գործողությունների մասին, կներեք,  դա չի աշխատելու։ Ավելին, բարդ իրավիճակ է ստեղծելու հենց իրենց համար։

Ի սկզբանե հայկական կողմն ասել է՝ կներեք, մենք այդ լեզվով չենք խոսում, ԱԳ նախարարը նաև հայտարարել է՝ «չեմ  պատրաստվում ձեզ հետ բանակցել, երբ դուք ատրճանակը  փորձում եք պահել մեր ճակատին»։

Այնպես որ, մենք գնում ենք արդյունավետ աշխատելու ակնկալիքով, գործընթացը կառուցողական դաշտ տեղափոխելու համար, հուսամ՝ դա մեզ կհաջողվի։

Արմինե Սիմոնյան