ՏՏ ոլորտում Հայաստանի փորձը մեծ արձագանք է գտել ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովում

ՀՀ ԱԺ պատգամավորական պատվիրակությունը մայիսի 29-ից հունիսի 1-ը մասնակցել է ՌԴ Կազան քաղաքում տեղի ունեցած ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի արտագնա նստաշրջանին, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի և ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի համատեղ նիստի աշխատանքներին:

ՀՀ ԱԺ լրատվական ծառայության տեղեկացմամբ, այդ մասին հունիսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Նարեկ Մկրտչյանը, պատվիրակության անդամներ Աննա Կոստանյանը, Շաքե Իսայանը, Սոնա Ղազարյանն ու Վաղարշակ Հակոբյանը:

Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ վեհաժողովում քննարկման առարկա են դարձել ԱՊՀ երիտասարդական քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Շեշտադրվել են բարձր տեխնոլոգիաների խնդիրները: Հայկական կողմը կիսվել է իր փորձով, ներկայացրել «Արմաթ» լաբորատորիայի, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը: Ընդգծվել է, որ այս կազմակերպություններին աջակցում է Հայաստանի կառավարությունը, ինչն օրինակելի է գործադիր-հասարակական կազմակերպություն գործակցության տեսանկյունից: ԱԺ խորհրդարանական պատվիրակության ղեկավարը նշել է, որ պատվիրակությունն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի և կաջակցի գործընկեր երկրների երիտասարդական կազմակերպություններին` տեղերում բարձր տեխնոլոգիների կենտրոններ բացելուն:

Ըստ Սոնա Ղազարյանի՝ ռուսական կողմն իր աջակցությունը կբերի կամավորության վերաբերյալ օրենքի նախագիծ մշակելու գործում: Նրա խոսքով`այսօրինակ օրենք բացակայում է մեր օրենսդրության շտեմարանում:

Աննա Կոստանյանը կարևորել է տեխնոլոգիական քաղաք՝ Ինոպոլիս այցելությունը, որի երեք հազար բնակչից յուրաքանչյուրը տիրապետում է բարձր տեխնոլոգիաներին: Պատգամավորն անհրաժեշտություն է համարել նրանց փորձի ներդրումը Հայաստանում:

Շաքե Իսայանը, անդրադառնալով մշակույթի ոլորտին, տեղեկացրել է, որ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ նախատեսվել է եկող տարի ԱՊՀ երկրներում կազմակերպել բազմաթիվ միջոցառումներ:

Հայ համայնքի հետ տեղի ունեցած հանդիպմանն անդրադարձել է Վաղարշակ Հակոբյանը` կարևորելով հայկական մշակութային կենտրոնի դերը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: