ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Արցախում ականազերծման և վերականգնման ծրագրերի ֆինանսավորմանը

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է փոփոխությունը, որով առաջարկվում է 1,5 մլն դոլարի չափով օգնություն տրամադրել Արցախում ականազերծման ծրագրին և վերականգնման ծառայություններին: Այս մասին տեղեկացրել է Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

2020 թ. ֆիսկալ տարվա արտասահմանյան օգնության մասին օրինագծի փոփոխությունը ներկայացրել է Թիջեյ Քոքսը:

ANCA-ի նախագահ Րաֆֆի Ամբարյանը նշել է, որ Կոնգրեսում առաջին օրվանից Թիջեյ Քոքսը զբաղվում է Կալիֆոռնիայի հովտի հայ համայնքի համար կարևոր հարցերով:

«Իմ կողմից  ներկայացրած փոփոխությունը կապահովի Լեռնային Ղարաբաղում ականազերծման և վերականգնման ծրագրերի շարունակական ֆինանսավորումը: Ես լի եմ վճռականությամբ՝ աշխատելու Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովի իմ գործընկերների,  Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի և HALO Trust-ի հետ` ապահովելու  Լեռնային Ղարաբաղում համայնքների վերականգնումը, և որպեսզի առաջիկայում տարածաշրջանը ազատ լինի ականներից»,- ասել է Քոքսը: