«Թավշյա հեղափոխականներն» ինչպես հասարակական կարծիքի մանիպուլյացիայով իշխանության եկան, այդպես էլ շարունակում են

Մոտ մեկ ամիս առաջ էր, Երևանում Կոմիտասի պողոտայով անցնում էի երթուղայինով, ուշադրությունս գրավեցին փողոցի վերևում հսկայական բաների վրա հայտնված պատկերն ու գրությունը, որը բառացի, համենայն դեպս, իմաստով հետևյալն էր՝ «Այսօր ևս մեկ ընտանիք երջանկացավ Գյումրիում»։ Իհարկե, շատ լավ է, ուրախալի փաստ, որ Գյումրիում 88-ից հետո ևս մեկ ընտանիք բնակարանամուտ է տոնել, դրա կառուցողը՝ իշխանությունները լինեն, թե բարեգործական ինչ-որ հիմնադրամ, միայն դրվատանքի է արժանի, բայց հենց այստեղ կանգ առնենք․․․

Փաստն այն է, որ Փաշինյանի գլխավորած կառավարության օրոք Գյումրիում նույնիսկ չնչին բնակարանաշինությունը դարձվել է սոցիալական գովազդի առարկա, որի իմաստը հակիրճ հետևյալն է՝ տեսեք, տեսեք ինչեր ենք անում․․․ Նախկին իշխանությունների օրոք, նկատի ունեմ Ռոբերը Քոչարյանի և Սերժ սարգսյանի նախագահության շրջանները, ընդհանուր առմամբ, հազարավոր բնակարաններ շահագործման հանձնվեցին աղետի գոտում, բայց իշխանություններն արված գործը գրեթե չգովազդեցին, Հանրային հեռուստաընկերությունը և մի քանի այլ հեռուստաընկերություններ լուրեր, փոքրիկ ռեպորտաժներ պատրաստեցին, մեկ-երկու օր եթեր հեռարձակեցին, անցավ գնաց։ Նախկին իշխանությունները երևի ներկաների խելքը չունեին՝ աղետի գոտում իրենց արած և իրենց օրոք արված գործերը հանրությանն ի ցույց դնելու առումով։

Ծանոթանում եմ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ա․ Մարգարյանի հաշվետվությանը՝ Շիրակի մարզում քաղաքաշինության բնագավառում 2018թ. ընթացքում պետական բյուջեի միջոցներով և այլ ֆինանսական աղբյուրներով իրականացված կապիտալ ներդրումների վերաբերյալ։ «Բնակարանաշինություն» բաժնում սևով սպիտակի վրա գրված է․«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամը Գյումրու քաղաքապետարանի հետ համապեղ Գյումրի քաղաքում իրականացրել է սոցիալական բնակարանների կառուցման աշխատանքներ 83,6 մլն. դրամ գումարով, («ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ 74,0 մլն դրամ, Գյումրի համայնք՝ 9,6 մլն դրամ համաֆինանսավորմամբ)»: ԶԼՄ-ների հրապարակումներից պարզ դարձավ, որ խոսքն ընդամենը 12 սոցիալական բնակարանի մասին է, այն էլ, ինչպես վկայում է վերոնշյալ պաշտոնական փաստաթուղթը, հիմնականում (74,0 մլն դրամ) կառուցված «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի միջոցների հաշվին։ Բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է արել Փաշինյանի կառավարությունը Գյումրիում (որտեղից, ի դեպ, սկսեց իր «թավշյա հեղափոխության» մեկնարկը) բնակարանաշինության համար, 2018թ․ ընթացքում քանի՞ բնակարան է կառուցվել այնտեղ պետական բյուջեի միջոցներով։

Քանի որ անդրադարձ «Թավշյա հեղափոխականների» կողմից հասարակական կարծիքի մանիպուլյացիային, ներկայացնեմ դրա դրսևորման ևս մեկ, բայց թերևս առավել ցցուն օրինակ։ Մոտ մեկ ամիս առաջ հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներում ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Հայաստանում նախարարները կերթևեկեն էլեկտրամոբիլներով։ Դե ինչ, տղերքն ուզում են նորաոճ երևալ, եվրոպական և ամերիկյան պաշտոնյաներին գլուխ գովել, որ իրենք մտահոգ են շրջակա միջավայրի մաքրությամբ։

Ըստ վերոնշյալ տեղեկատվության, «Հայաստանը հավակնում է լինել առաջին երկիրը, որտեղ ծառայողական  մեքենաները կփոխարինվեն էլեկտրամոբիլներով:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից, գործադիրը բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով։ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամն այս նպատակով տրամադրել է 700 000 եվրո։

«Կոնկրետ ծրագրով մենք նախատեսում ենք 12 ավտոմեքենա՝ կախված նախարարների քանակից,- ասում է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:- Հնարավոր է լինի մեկ այլ ծրագիր, որի շնորհիվ էլեկտրամոբիլ կտրամադրվի նաև վարչապետին և նախագահին»։

Պարզ թվաբանական հաշվարկը վկայում է, որ յուրաքանչյուր ավտոմեքենայի գինն ավելի քան 58 000 եվրո է։ Դե հիմա համեմատեք նախկին նախարարներին տրամադրված, մոտ 10 մլն դրամով կամ մոտ 20 000 դոլարով ձեռք բերված բենզինով մեքենաների գնի հետ․․․ Ներկայիս իշխանությունները գուցե պատճառաբանեն, թե էլեկտրամոբիլները պետբյուջեի միջոցներով չեն գնվել ու գնվելու։ Հետո՞ ինչ, որ խոսքը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից տրամադրված 700 000 եվրոյի մասին է, բնապահպանության նախարարի կամ ՀՀ մեկ այլ պաշտոնյայի կողմից այդ էլեկտրամոբիլների ձեռքբերումն է առաջնահերթություն ներկայացվել, դրա համար են գումարը տրամադրել։ Անձամբ ես այդ գումարը համարում եմ Հայաստանի բնապահպանությունից ու բնությունից խլված գումար, միջոցների վատնում, եթե, իհարկե, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի նպատակը Հայաստանում բնապահպանությանը նպաստելու երևութականություն ստեղծելը չէ։ Հարյուրավոր բնապահպանական խնդիրներ ունի Հայաստանը, այդ թվում նաև որսագողության և ձկնագողության դեմ արդյունավետ պայքարը, որը տարիներ շարունակ բացակայում է։ Դրա փոխարեն, նախարարները հիմա էլեկտրամոբիլներով պետք է երթևեկեն։ Եթե նախկին իշխանություններն այսպես վարված լինեին, հիմա Նիկոլ Փաշինյանի հրահանգով ՀՔԾ-ն երևի արդեն քրեական գործ հարուցած կլիներ վատնման հատկանիշներով։

Կառավարությունը բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով#armgovՀՀ բնապահպանության նախարարություն Ministry of Nature Protection of Armenia

Опубликовано ՀՀ կառավարություն Понедельник, 20 мая 2019 г.

Արթուր Հովհաննիսյան