Երկակի ստանդարտներ Սինանյանի և Օրբելյանի հանդեպ

Կողքից այսօրվա Հայաստանին նայելիս իշխանության երկերեսանիության և կեղծավորության, ինչպես նաև «նոր դուխով հայերին» մոլեռանդորեն հավատացողների մտավոր սահմանափակվածության վրա ծիծաղդ է գալիս: Ըստ երևույթին մոլեռանդների կոլեկտիվ ուղեղում տեղի է ունեցել որոշակի մակուղեղային (հիպոֆիզային) տեղաշարժ, և զանգվածները նոր «դուխով հայերի» մեջ տեսնում են Աստծուն, որը պետք է փրկի Հայաստանն ու հայությունը։

Հերթական զավեշտը տեղի ունեցավ վերջերս, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ քաղաքացի Զարեh Սինանյանին նշանակեց Սփյուռքի հարցերով գլխավոր կոմիսար: Սինանյանը չի կարող ԱՄՆ քաղաքացի չլինել՝ հաշվի առնելով, որ նա Գլենդել քաղաքի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) նախկին քաղաքապետն է, իսկ Ամերիկայում ԱՄՆ քաղաքացիություն չունեցողները կամ երկքաղաքացիություն ունեցողները պարզապես չեն կարող որևէ պաշտոն զբաղեցնել: Ակամա զուգահեռներ են գծագրվում մեկ այլ հայի շուրջ վերջին ժամանակներում տեղի ունեցած դեպքերի հետ։ Խոսքը ԱՄՆ քաղաքացի Կոնստանտին Օրբելյանի մասին է, ում Ֆրանսիայի քաղաքացի Նազենի Ղարիբյանը «չներեց», որ նա ԱՄՆ ռուսախոս (հիմնականում) քաղաքացի է, այլ ոչ թե անգլիախոս: Նկատեմ՝ պարոն Օրբելյանն ավելի հայտնի է աշխարհում, քան իր հայրենակից Սինանյանը: Եվ Օրբելյանը հանգիստ աշխատում էր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, երկու հաստիքներում`տնօրենի և գեղարվեստական ​​ղեկավարի: Միևնույն ժամանակ, Օրբելյանը չի հավակնել որևէ պետական ​​պաշտոնի:

Այժմ Օրբելյանը սպասում է Փաշինյանի և ֆրանսիայի քաղաքացի Ղարիբյանի դեմ իր հայցով դատական նիստին: Ակամա հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ԱՄՆ երկու քաղաքացիների նկատմամբ նման խտրական վերաբերմունք դրսևորվում կառավարության կողմից. մեկին ամեն ինչ կարելի է, մյուսին՝ միայն Օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ​​ղեկավարի պաշտոն: Իսկ ավելի լավ չէ՞ օրենք ընդունել, որով կարգելվի օտարերկրյա քաղաքացիներին և երկքաղաքացիություն ունեցող անձանց պետական ​​պաշտոնների նշանակել։ Ի վերջո նրանք հարկերը վճարում ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, այլ ոչ Հայաստանում:

Երկու Կոնստանտին Օրբելյանները, Օրբելյանների ընտանիքը, «Օրբելյան» ազգանունը կամ Օրբելիները, մեր ժողովրդի պարծանքն են: Դա իմ կարծիքն է: Դրա հետ կարելի է չհամաձայնել: Բայց անտեսել սեփական ժողովրդի պատմությունը, ժողովրդի, որի անունից սիրում են պատեհ և անպատեհ հանդես գալ «նոր դուխով հայերը», անթույլատրելի է: Օրբելյանների հայ իշխանական տոհմի նախնիները Սյունիքի տիրակալներն են եղել, իրենց ժողովրդի անունը փառաբանողներ, և հանկարծ՝ նման վերաբերմունք և ամենևին կապ չունի, թե Փաշինյանն ու Ղարիբյանը ինչով էին արդարացնում ԱՄՆ քաղաքացի Կ. Օրբելյանին իր պաշտոններից մեկից զրկելու բուռն ձգտումները: Օրբելյանի հորեղբայրը պատվով հուղարկավորվել է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: Նորավանքում այժմ էլ գտնվում է նրանց տոհմիկ դամբարանը: Իսկ Սինանյանին, ինչպես կարելի է հասկանալ, նոր են հրավիրել, երաշխավորել:

Եթե մի բան չի կարելի, ապա դա բոլորի համար պետք է լինի, եթե կարելի է, ապա կարելի է բոլորին։ Հայաստանի իշխանության մեջ ինչ-որ մեկը ծանոթ չէ ոսկե օրենքին․ «Մի վարվիր ուրիշների հետ այնպես, ինչպես չէիր ցանկանա, որ վարվեն քեզ հետ», կամ «Վարվիր ուրիշների հետ այնպես, ինչպես կցանկանայիր, որ վարվեն քեզ հետ»: Իսկ ամերիկացի Սինանյանն արդեն հայտարարել է, որ մտադիր է նախ «մշակել» Ռուսաստանի հայերին: Իսկ ինչո՞ւ դա չանել ավելի բարեկեցիկ ապրող ամերիկահայերի հանդեպ: Շատ բարոյազուրկ որոշում է…

Սերգեյ Շաքարյանց