Ադրբեջանական կողմը ՆԱՏՕ ԽՎ հարթակները փորձել է օգտագործել ԼՂՀ խնդրի առնչությամբ

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանին

ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, պատվիրակության անդամներ Գևորգ Գորգիսյանն ու Վիկտոր Ենգիբարյանը հունիսի 18-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել մայիսի 31-ից հունիսի 3-ը Բրատիսլավայում տեղի ունեցած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի վերաբերյալ: ՀՀ ԱԺ լրատվական ծառայության տեղեկացմամբ, առաջին աշխատանքային օրը պատվիրակության ղեկավարն ու անդամները մասնակցել են քաղաքական խմբերի նիստերին, որտեղ ներկայացվել են Եվրախորհրդարանի`վերջերս տեղի ունեցած ընտրությունների արդյունքներն ու դրանց քաղաքական խմբերի մասնակցությունը:

Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ վեհաժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված տասը զեկույցները վերաբերել են աշխարհի առաջ ծառացած մարտահրավերներին, պաշտպանության և անվտանգության խնդիրներին:

Գիտության և տեխնոլոգիաների մշտական հանձնաժողովի նիստին, որի օրակարգում վեց զեկույց էր, մասնակցել է Գևորգ Գորգիսյանը:

Պատվիրակության անդամ Վիկտոր Ենգիբարյանը տեղեկացրել է, որ Տնտեսության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում անդրադարձ է կատարվել ոլորտի անվտանգությանը վերաբերող ութ զեկույցների:

ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն ու անդամները մասնակցել են նաև Քաղաքական և Անվտանգության քաղաքացիական չափման հարցերի հանձնաժողովների նիստերին:

Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ադրբեջանական կողմը ՆԱՏՕ ԽՎ հարթակները փորձել է օգտագործել ԼՂՀ խնդրի առնչությամբ: Հայկական պատվիրակությունը համարժեք պատասխան է տվել:

Հունիսի 2-ին հայ խորհրդարանականները մասնակցել են ՆԱՏՕ ԽՎ լիագումար նիստին, որի ընթացքում Վիկտոր Ենգիբարյանը բարձրացրել է կիբեռանվտանգության վերաբերյալ հարցեր:

ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ և առաջին անգամ ԽՎ-ի աշխատանքներին մասնակցող մյուս պատվիրակություններին ընդունել է ՆԱՏՕ ԽՎ նախագահ, բրիտանացի պատգամավոր Մադլեն Մունը, ով ներկայացրել է իր տեսակետները վեհաժողովի աշխատանքի կազմակերպման վերաբերյալ, ապա լսել պատգամավորների կարծիքները: Հանդիպմանը մասնակցել և ելույթ է ունեցել ՆԱՏՕ ԽՎ գլխավոր քարտուղար Դեյվիդ Հոբսը: