«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 28-րդ նիստին: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ,  վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է․

«Ինչ-որ առումով «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է ոչ թե առանձին վերցրած ծրագրերի իրականացման հնարավորություն լինի, այլ, ըստ էության, դառնա մեր համազգային բյուջեն: Մենք ընդհանրապես պետք է մտածենք համազգային բյուջե ունենալու մասին և պետք է փոխենք մեր վերաբերմունքն այդ համազգային բյուջեի նկատմամբ: Մեր կառավարության գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկն այն է, որ մենք ուզում ենք փոխել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը պետական բյուջեի նկատմամբ և այդ վերաբերմունքի կարևոր փոփոխությունը պետք է լինի այն, որ յուրաքանչյուր քաղաքացի ընկալի, որ այդ փողը ոչ թե ինքը տալիս է ուրիշին, այլ այդ փողը տալիս է ինքն իրեն, ինչպես ընտանիքում ծախսվում են փողերը տարբեր նպատակներով, այդպես էլ բյուջեում»: